Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Արսեն Թորոսյանը՝ Հայաստանում սրտի ստենտավորման և ինսուլտի անվճար բուժման մասին

134
Երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2019 թ., 16:25
Արսեն Թորոսյանը՝ Հայաստանում սրտի ստենտավորման և ինսուլտի անվճար բուժման մասին

Այսօր վարչապետի հետ հանդիպման ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ սրտի ստենտավորման, իշեմիկ ինսուլտի բուժման ծրագրին:

«Հիվանդության առաջացման պահից սկսած՝ 24 ժամվա ընթացքում զարգացած դեպքերի համար, շանս կա, որ ինսուլտը կբուժվի: Սա այն դեպքն է, երբ բժիշկները կարող են փրկել: Ծրագրի համար պացիենտները դարձյալ ոչ մի դրամ չեն վճարում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հիվանդին պետք է հասցնել համապատասխան հիվանդանոցներ: Դրանք են՝ Էրեբունի բժշկական կենտրոնը և Հերացի թիվ 1 հիվանդանոցը: «Շուտով կմիացնենք նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնը»,- ասաց Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ հիվանդանոցներում հետազոտություններն ամբողջությամբ պետական բյուջեի հաշվին են արվում: «Օգոստոսի 27-ի դրությամբ 212 դեպք ենք ունեցել, որի համար մոտավորապես 350 մլն գումար ենք ծախսել, 212-ի 45 տոկոսը մարզերից են: 182 պացիենտ առողջ, պրակտիկ կյանքի է վերադարձել: Դժբախտաբար, 30 հոգու չի հաջողվել փրկել: Եթե ծրագիրը չլիներ՝ մեծ մասին հնարավոր չէր լինի փրկել»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է սրտի նորագույն թանկարժեք հետազոտությանը, նախարար Թորոսյանը նշեց, որ այս ծառայությունը հասանելի է մոտավորապես 500 հազար մարդու: Նրանք են՝ անապահովության 30 և ավելի բալ ունեցող ընտանիքները, առաջին և երկրորդ կարգի հաշմադամները, զինհաշմանդամները, մարտական գործողությունների մասնակիցները, ժամկետային զինծառայողների ծնողները:

Արսեն Թորոսյանի խոսքով, սրտի հիվանդությունների բուժման ծրագրի հետ կապված, դեռևս նոր բարեփոխումներ են սպասվում: