Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Պատճառները անձնական տիրույթում են». Էդգար Առաքելյանը վայր է դնում մանդատը

313
Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ., 23:45
«Պատճառները անձնական տիրույթում են». Էդգար Առաքելյանը վայր է դնում մանդատը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Սիրելի՛ հայրենակիցներ:

Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:

Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ:

Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, հատկապես՝ հարազատ, ում համար իմ այս քայլը հիասթափության կամ այլ բացասական զգացողությունների տեղիք կտա: Համոզված եմ, որ այս վաղ փուլում դա չանելու պարագայում զղջալու բազմաթիվ առիթներ են լինելու ապագայում՝ նորից պայմանավորված վերը նշված հանգամանքով:

Հատուկ ևս մեկ անգամ շեշտում եմ, որ սա անձնական որոշում է՝ դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որևէ այլ գործընթացի դեմ, թեև ժամանակային առումով գուցե համընկնում է դրանց հետ: Սա որևէ կերպ քայլ չէ ընդդեմ «Իմ քայլ»-ի, որի մի մասնիկը լինելու պատիվն եմ ունեցել վերջին ամիսներին: Հայտնի ուժերին և նրանց խամաճիկներին խորհուրդ եմ տալիս անտեղի չոգևորվել, քանի որ դրա հիմքերը ուղղակի չկան:

Որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի շարունակելու եմ սատար կանգնել հեղափոխական թիմին և նրա ձևավորած գործադիր ու օրենսդիր իշխանությանը երկրում արմատական բարեփոխումների իրականացման և արդարության հաստատման, ժողովրդավարության ամրապնդման դժվարին ճանապարհին:

Ամենայն հավանականությամբ կշարունակեմ զբաղվել նրանով, ինչով մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները. կվերադառնամ ՏՏ ոլորտ՝ ինձ այդքան հարազատ ու սիրելի կոդերի աշխարհ: Վստահ եմ, որ դրանով ավելի մեծ օգուտ կբերեմ մեր երկրին:

Հ.Գ. Այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու, խնդրում եմ սահմանափակվել այսքանով»: