Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Չգիտենք՝ իրանք են մեզ խաբել, թե՞ կառավարությունն ա իրանց խաբել». արճիսցիները սպասում են վարչապետի արձագանքին

208
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ., 12:20
«Չգիտենք՝ իրանք են մեզ խաբել, թե՞ կառավարությունն ա իրանց խաբել». արճիսցիները սպասում են վարչապետի արձագանքին

«Մինչև կառավարությանը դիմելը, երկու անգամ մարզպետարանին ենք դիմել, ասացին հարցն ուղարկել ենք կառավարության հաստատմանը. պարզվեց, որ երկու անգամն էլ խաբել են: Հիմա մենք չգիտենք՝ իրանք են մեզ խաբել, թե՞ կառավարությունն ա իրանց խաբել: Փաստը նրանում է, որ հարցը չի ընդգրկվել օրակարգ»,- այսօր Արճիսում բողոքի ցույցի ժամանակ ասաց գյուղացիներից մեկը:

«Մենք ուզում ենք կառավարությունից հավաստիացում ստանալ, որ ջրի ֆինանսավորումը կատարվել է, տենդերը հաստատվել է, որ 3-4 ամսում շինարությունն ավարտվելու է և մեր գյուղը ջուր է ունենալու: Քանի որ վստահ չենք, որ մեր հարցից տեղյակ է վարչապետ Փաշինյանը, դրա համար էլ էսօր իրականացնում ենք այս ակցիան, որպեսզի նա լուծում տա: Մենք սպասում ենք վարչապետի արձագանքին»,- շարունակեց գյուղացին:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ միայն ճանապարհ փակելով է հնարավոր արդյունքի հասնել:

Նրանցից մեկն էլ առաջարկեց նույնիսկ հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչու նախորդ մարզպետների և իր ենթակաների պաշտոնավարման ժամանակ ջրի հարցը լուծում չի ստացել, թեպետ բազմաթիվ անգամ խոստումներ են եղել, որ այդ նախագիծը օրակարգ կմտնի:

«Ամոթ ա, 21-րդ դարն է՝ խմելու ջուր չունենք: Ամեն օր, կտրելով 10-20 կմ, խմելու ջուր ենք բերում... Երևի ամենահեշտ լուծվող հարցն է, որովհետև խմելու ջրի 500 մետրանոց խողովակը գնում է մեր գյուղի միջով, մնում է 2 կմ ջրագծի հարցը, որպեսզի ջուրը, ներքին ցանցով, լցվի բասեինները: Ներքին ցանցի կեսից ավելին իդեալական վիճակում է, երկու հատ 500 տոննայանոց բասեինները պիտանի են, ծախսերի նախահաշիվը կազմել է 65-70 մլն դրամ»,- ասաց արճիսցի ցուցարարը՝ շարունակելով. «Վերջերս վարչապետը հայտարարեց, որ այս տարի 70 մլրդ դրամ եկամուտ է հավաքագրվել, այսինքն՝ նախատեսվածից ավելի: Ի՞նչ է նշանակում՝ մեր գյուղի 60-70 միլիոնանոց ջրի ծրագիրն ընդամենը կազմում է դրա 0,1 տոկոսը: Մի՞թե չի կարելի այդ 0,1 տոկոսը տրամադրել, որպեսի 1200 հոգանոց գյուղը խմելու ջուր ունենա»:

Գյուղացիները մեկ մարդու պես խոստացան, որ եթե այսքանից հետո կառավարությունն անտարբերություն ցուցաբերի, ակցիան լինելու է շարունակական: