Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ինչո՞ւ է գործող իշխանությունը վարվում որպես նախորդ հանցավոր ռեժիմների իրավահաջորդ». Վարուժան Ավետիսյան

282
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ., 18:15
«Ինչո՞ւ է գործող իշխանությունը վարվում որպես նախորդ հանցավոր ռեժիմների իրավահաջորդ». Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուծումը պետության զավթումը ճանաչելու մեջ է:

Շա՞տ բարդ է հասկանալ, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը, այդ թվում՝ Ամուլսարի շահագործումը, պետության զավթման բաղադրիչ է և դրա հետևանք։ Պետությունը զավթվել է և վերածվել է կոռուպցիայի ու այլ հանցագործությունների գործիքի։
Նույնիսկ օրենքներն են ընդունվել՝ կոռուպցիան սպասարկելու և կոռուպցիոն մեխանիզմները երաշխավորելու համար։
Մինչդեռ գործող իշխանությունն իրեն դիրքորոշում է որպես պետությունը զավթած նախորդ ռեժիմների ամբողջական իրավահաջորդ, այլ ոչ՝ որպես ժողովրդից ստացած մանդատով պետությունն ազատագրելու և այն ժողովրդին վերադարձնելու առաքելությունն իրականացնող հեղափոխական ուժ։
Սա է պատճառը, որ գործող իշխաննությունը կամա թե ակամա դառնում է նախորդ հանցավոր ռեժիմների կատարած հանցագործությունների և նրա ստեղծած համակարգային կոռուպցիայի գերին և, փաստորեն, շարունակողն ու հանցակիցը։
Լուծումը նախորդներին իրավաքաղաքական գնահատական տալու մեջ է։ Լուծումը պետության զավթումը ճանաչելու մեջ է։
Եթե պետության զավթումը ճանաչվի, ապա դրան մասնակցած մասնավոր ընկերությունները և նրանց կատարած գործարքները կհայտնվեն օրենքից դուրս դաշտում։

Բացի այդ՝ կառաջանա մեղավորներին պատասխանատվության կանչելու և մեզ հասցրած վնասը կոռուպցիայի միջոցով ձեռք բերած նրանց միջոցներից վերականգնելու հնարավորություն։ Այդ ժամանակ ոչ թե կմտածենք, թե մեզ դատի կտան, այլ մե՛նք դատի կտանք։

Հարց. ինչո՞ւ է գործող իշխանությունը վարվում որպես նախորդ հանցավոր ռեժիմների իրավահաջորդ, ինչո՞ւ իրավաքաղաքական գնահատական չի տալիս նրանց և ինչո՞ւ չի ճանաչում պետության զավթումը որպես կատարված փաստ։ Չէ՞ որ դա բոլոր հիմնական պրոբլեմների, այդ թվում՝ Ամուլսարի և, առհասարակ՝ գիշատչական հանքարդյունաբերությունից ազատվելու պրոբլեմի, լուծման ամենակարճ և ամենաարդյունավետ ճանապարհն է»: