Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայկ Մարությանն ու Սոնա Աղեկյանը միմյանց դեմ դատական հայցեր են ներկայացրել

246
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 14:40
Հայկ Մարությանն ու Սոնա Աղեկյանը միմյանց դեմ դատական հայցեր են ներկայացրել

Օգոստոսի 21-ին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Դատական տեղեկատվական համակարգի կայքի համաձայն՝ քաղաքապետը պահանջում է Ս. Աղեկյանին պարտավորեցնել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքում:

Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 15-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Աղեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի է հասել:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Ս. Աղեկյանն ասաց, որ դատական հայցի մասին ինքն էլ է լրատվամիջոցներից տեղեկացել: Նա նշեց, որ ավելի վաղ անգործության հիմքով քաղաքապետի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Ավագանու նախկին անդամի կարծիքով՝ քաղաքապետն իր անգործությամբ երևանցիներին թողել է գարշահոտության մեջ՝ դրանով ոտնահարելով նրանց՝ մաքուր միջավայրում ապրելու իրավունքը:

«Այոʹ, ես իրավունք ունեմ կարծելու, որ իր անգործությամբ քաղաքապետը կոռուպցիոն գործարքների մեջ է «Սանիթեք» ընկերության հետ: Երևանում աղբի այս աննախադեպ քանակը լիովին բավարար էր, որ քաղաքապետարանը պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով «Սանիթեքի» հետ կնքած պայմանագիրը խզեր: Երբ քաղաքապետարանն ասում է, որ եթե պայմանագիրը խզեին, քաղաքը կեղտոտ էր մնալու, այդ մասին պետք է շուտ մտածեին»,- նշեց Ս. Աղեկյանը:

Դիտարկմանը, թե կարծելը մի բան է, դատարանում փաստարկներ ներկայացնելը՝ մեկ այլ բան, ավագանու նախկին անդամն ասաց. «Այո՛, ես պատրաստ եմ փաստեր ներկայացնել, բոլոր խոսքերիս համար պատասխան կտամ: Ինձ համար հիմք է այն, որ քաղաքապետը չի դիմում դատարան ու պայմանագիրը չի խզում, այն պարագայում, որ կատարող կողմին վճարում են, իսկ նա իր պարտավորությունը չի կատարում: Սա արդեն հիմք է պնդելու, որ Հայկ Մարությանը կոռուպցիոն գործարքների մեջ է»:

Նշենք, որ դատական նիստերի օրերը դեռ հայտնի չեն: