Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Նիկո՛լ, չի ստացվելու և ասեմ՝ ինչու». Էդուարդ Շարմազանով

304
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 10:20
«Նիկո՛լ, չի ստացվելու և ասեմ՝ ինչու». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին ժողովրդին սուտ խոստումներ շռայլած, կախարդական փայտիկը կորցրած և սեփական ստերի թակարդում հայտնված Փաշինյանը, իր ընտանիքի սեփականությունը հանդիսացող լրատվամիջոցում հոդվածներ պատվիրելով կամ նույնիսկ գրելով, հերթական անգամ իր ձախողումները փորձում է բարդել նախկին իշխանությունների վրա: Հոդվածագիրը, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանը, օրակարգային համարում է ոչ թե Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումը, Ամուլսարի խնդիրը, տրանսգենդերության քարոզն ու Արցախյան հարցում մտահոգիչ զարգացումները, այլ հերթական լացակումած ու ֆալշ երգն է երգում թալանի մասին:

Նիկոլ, չի ստացվելու և ասեմ՝ ինչու: Նույնիսկ ՀՔԾ-ն՝ քո «ընկեր ջանով», պաշտոնապես հայտարարում է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի անցնում: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի մասին քո ստերն ուղղակի փուչիկ էին և են: Դու ստել ես և շարունակում ես ստել, թեև իշխանության գալով՝ փորձում էիր համոզել, թե նախկինում ասածդ չի բռնում ներկայում ասածիդ, որովհետև իրավիճակ է փոխվել, բայց փաստորեն, քեզ մոտ իրավիճակի փոփոխությունն անընդհատական է, քանի որ ստերդ այդպես էլ չեն սպառվում: Ի տարբերություն հոդվածագիր Փաշինյանի՝ ես գտնում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը մեր գլխավոր սպառնալիքներից մեկն է և Փաշինյանի աճպարարությունը, թե նախկիններն են ստորագրել, չի անցնելու: Ստորագրելը վավերացում չէ և պարտավորություն չէ, մոնիտորինգի տակ մտնել չէ: Նախկինները վավերացման պարտավորություն չեն ստանձնել: Եվ եթե «ժողովրդի վարչապետը» գնաց վավերացման ճանապարհով, ողջ պատասխանատվությունը նրա ուսերին է լինելու: Նիկոլ, հերիք է քո սխալները բարդես ուրիշների վրա և արդարացնես ապազգային գործողություններդ: Եվ վերջապես, Ամուլսարի հարցից. Նիկոլ Փաշինյանն է մեղադրել նախկին իշխանություններին Ամուլսարում «կոռուպցիոն սխեմաների» համար: Մինչդեռ այսօր, ոչ ավել, ոչ պակաս ինքն է ասում, թե Ամուլսարը պետք է աշխատի: Ավելին, այս ընթացքում պետությունը հսկայական ֆինանսական կորուստներ է ունեցել: Հիմա ի՞նչ է եկել արդարանում: Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Սերժը ճիշտ էր, դու՝ սխալ: Ինքդ ես փաստում, որ Ամուլսարի շահագործման դադարեցումն անօրինական էր: Քո պատճառով պետությունը «Լիդիանին» 1 տարվա պարապուրդի համար պետք է հսկայական տուգանքներ վճարի: Ավելին, պետական միջոցներից հավելյալ 400 000 դոլար էլ տվել ես փորձաքննության համար, որը պետք է փաստեր այն, ինչ արդեն փաստվել էին հեղինակավոր կազմակերպությունները: Բա պետական միջոցների մսխումից ու վատնումից էիր ժամանակին խոսում, բա տատիկ-պապիկների «նիսյաների» համար ԱԺ ամբիոնից լացակումած ճառեր էիր ասում, թե՞ նորից իրավիճակ է փոխվել:

Եվ վերջապես, Արցախի հարցում Նիկոլ, դու սուս: Շարունակիր Ալիևին «կիրթ և նորմալ» համարել: Ալիևին, ով 30 տարի երազել է այն, ինչ դու այսօր անում ես:

Հ.Գ. Հին Հռոմում սենատոր Կատոն Ավագն իր ելույթներն ավարտում էր «Կարթագենը պետք է կործանվի» խոսքերով: Մեր պետականության համար «կարթագենիզմ-նիկոլիզմը» պետք է կործանվի: Դու պետք է հեռանաս և որքան շուտ, այդքան լավ պետության համար»: