Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Խստորեն դատապարտում ենք ոստիկանության նման գործելաոճը». Զառա Հովհաննիսյան

257
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 02:45
«Խստորեն դատապարտում ենք ոստիկանության նման գործելաոճը». Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ, օգոստոսի 19-ին, ՀՀ ոստիկանությունը խիստ անհամաչափ ուժ կիրառեց՝ սահմանափակելով քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության և ազատ տեղաշարժվելու իրավունքները։ Ոստիկանության ծառայողների կիրառած բռնության արդյունքում կան տուժողներ, որոնցից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Նույն օրն առավոտյան, Բաղրամյան 26-ում կուտակված ոստիկանական ուժերը մի քանի շարքով պահպանում էին ՀՀ նախագահական նստավայրը, որտեղ տեղի էր ունենում Ամուլսարի շահագործման հարցով հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Ի սկզբանե ոստիկանական ուժերը կանգնած էին նստավայրի դիմաց՝ միաժամանակ բաժանելով փոքրաթիվ հանրությունը մի քանի մասի և թույլ չտալով մոտենալ նստավայրի՝ արդեն իսկ փակ դարպասներին։
Ավելի ուշ, երբ Բաղրամյան 26-ում ավարտվեց քննարկումը, քաղաքացիները որոշեցին հանրային քննարկում անցկացնել ԱԺ-ին հարակից այգում, որի դարպասները անցյալ տարվա հոկտեմբեր ամսից բացվել էին հանրության առջև։ Սակայն, երբ քաղաքացիները տեղ հասան, նրանց մուտքը ԱԺ-ի հարակից այգի արգելափակվեց ոստիկանների կողմից։
Առնվազն 20 րոպե սպասելուց հետո քաղաքացիները՝ փաստացի չունենալով հանրային քննարկում անցկացնելու տարածք, ստիպված էին այն իրականացնել Բաղրամյան պողոտայում, որը ոստիկանության բիրտ ուժի կիրառմամբ և քաղաքացիներին բերման ենթարկելու միջոցով կասեցվեց։ Բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները կրկին խախտեցին քաղաքացիների մի շարք իրավունքներ, այն է՝ խաղաղ հավաքների ազատության և ազատ տեղաշարժվելու իրավունքները։
Մենք՝ ներքոստորագրյալներս խստորեն դատապարտում ենք ոստիկանության նման գործելաոճը, որը հիշեցնում է ոչ վաղ անցյալում կիրառվող մեթոդներն ու մոտեցումները։

Հայտարարությունը բաց է միանալու համար»։