Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Փորձաքննությունների անատամ արդյունքների տրամաբանության մասին». Նաիրի Հոխիկյան

372
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 02:15
«Փորձաքննությունների անատամ արդյունքների տրամաբանության մասին». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փորձաքննությունների տրամաբանության մասին.

Ամուլսարի թեմայով փորձաքննության մեջ մի քանի անգամ հանդիպում են «հնարավոր է», «գուցե», «հավանաբար» տերմիններ, որոնք երկակի իմաստով կարելի է հասկանալ՝ դրական կամ բացասական հետևանք (հնարավոր է՝ թունավոր նյութերը վնասեն Կեչուտի ջրամբարի և Սևանա լճի ջրին, հնարավոր է՝ չվնասեն... նայած որ կողմից ես նայում խնդրին և ինչը տեսնելու ցանկությամբ):

Այդ առումով հիշեցի 2015-ին ինձ հետ տեղի ունեցած դեպք: Այդ ժամանակվա նախարարներից մեկին պատկանող մեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում ակնհայտ խախտում կատարելով հետընթաց արեց և հարվածեց իմ մեքենային, պատճառեց էական, ավելի քան 300.000 դրամի վնաս: Ոստիկանությունը արձանագրություն կազմեց, վարորդն ընդունեց իր մեղքը:

2 օր հետո նույն ոստիկանությունն ասաց, որ մյուս վարորդը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից և ինձ է մեղադրում վթարի համար: Չենթարկվեցի նախարարի պաշտոնեական ճնշումներին՝ մեղքը ինձ վրա վերցնելու: Նշանակվեց փորձաքննություն: Ամիսներ անց եկավ պատասխան՝ «հնարավոր է, որ հարված եղել է հետընթացի հետևանքով, հնարավոր է՝ հակառակը»: Ինչպես կասեր Թումանյանի հեքիաթի մոտիվներով ստեղծված մուլտֆիլմի հերոսը՝ արևը դուրս է գալիս արևելքից, մայր է մտնում արևելքում... Ի վերջո, այն ժամանակվա նախարարի դեմ համառ պայքարում հնարավոր եղավ ստանալ ոստիկանության եզրակացությունը՝ հօգուտ ինձ՝ համեմված նախարարի շրջապատի բորենիների բազմաթիվ սպառնալիքներով, որոնք մինչև հիմա իրականություն չեն դարձել, թեև ես վաղուց ստացել եմ վնասի հատուցումը:

Օրերս էլ ծանոթներից մեկը բառացիորեն հարձակման է ենթարկվել այսօրվա պաշտոնյաներից մեկի կողմից: Կոտրել են հեռախոսը: Ոստիկանությունն այն ուղարկում է փորձաքննության, տևական ժամանակ պահում են հեռախոսը, հետո պատասխանում՝ «հնարավոր չէ պարզել՝ հեռախոսը ինչպես է կոտրվել...»: Այս դեպքում ևս, բնականաբար, ոստիկանությունը ստիպված կլինի կրկնակի, անգամ եռակի փորձաքննություններից հետո տալ իրական գնահատական, ինչքան էլ որ կոնկրետ մեղավորներ գտնելու առումով բազմաթիվ փորձագետներ ու քննիչներ նայում են վիճող կողմերի սոցիալական ու պաշտոնական դիրքին՝ փորձաքննության արդյունքները գրելով այնքան անատամ, որ վճիռ կայացնողի կամքից կախված լինի ամեն ինչ:

Վերադառնանք Ամուլսարի թեմային. պետք էր ակնկալել «հնարավոր», «հավանաբար» և նման ձևակերպումներով անատամ եզրակացություն, իսկ թե կշեռքի որ կողմն ավելի ծանր կլինի, արդեն տեխնիկայի հարց է»: