Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

«Եթե սա ստրկություն և շահագործում չէ, ապա ի՞նչ է». Հրանտ Տէր-Աբրահամեան

162
Կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ., 23:05
«Եթե սա ստրկություն և շահագործում չէ, ապա ի՞նչ է». Հրանտ Տէր-Աբրահամեան

Վերլուծաբան և հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թեև չեմ սիրում նույն թեմայից «տրիլիոն» անգամ գրել, բայց այս մեկն էլ գրեմ Ամուլսարի թեմայով: Ես ուզում եմ շեշտեմ, որ ինձ համար այս խնդրում առանցքայինը, կարևորը թիվ մեկը հետևյալն է: Ամուլսարի խնդրի քննարկումը մենք առիթ դարձնենք ավելի ընդհանուր հարցի: Մենք, ընդհանրապես, նորմալ, ճիշտ, ընդունելի համարո՞ւմ ենք, որ որևէ հանք, որևէ բնական պաշար, որը պատկանում է հայ ժողովորդին՝ անկախ բոլոր բնապահպանական, տեխնիկական, և այլ մանրամասներից, շահագործվի անպես, որ դրա եկամտի մեծ մասը հասնի ոչ թե Հայաստանի պետբյուջե, ոչ թե այդ բնական պաշարի սահմանադրական տեր հայ ժողովորդին, այլ գնա մասնավորին, և հատկապես օտարերկրյա մասնավորին: Էս հարցի պատասխանն է առանցքային: Սա եմ ուզում լսել: Սրա մասին բանավեճ եմ ուզում տեսնել՝ փաստարկներով և հակափաստարկներով: Ինձ համար ինտուտիվի պատասխանն ակնհայտ է: Ես չեմ հասկանում՝ ինչ բան է ժողովորդի իշխանությունը, ՀՀ ինքնիշխանությունը, հեղափոխական քաղաքականությունը, լեգիտիմ իշխանությունը և նույնիսկ ազատ և արդար ընտրությունը, եթե մեզ համար նորմալ է, որ Հայաստանի ժողովորդին պատկանող որևէ բնական ռեսուրսի եկամուտը հարստացնի ոչ թե հայ ժողովորդին, այլ մասնավոր անձին՝ տեղական թե օտարեկրյա: Եթե եկամտի մեծ մասը հայ ժողովորդին չէ: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է բնապահպանական բոլոր ռիսկերը կրի հայ ժողովուրդը, իսկ դրանց դիմաց ստացած եկամտի մեծ մասն ստանա մեկ այլ սուբյեկտ, ու սա համարվի նորմալ, լավ, ընդունելի: Եթե սա ստրկություն և շահագործում չէ, ապա ի՞նչ է: Բայց սա իմ պատասխանն է, գուցե կան այլ մոտեցումներ: Միգուցե ես սխալվում եմ: Այդ դեպքում խնդրում եմ ինձ փաստարկված պատաասխանել: Պատասխանել հենց իմ դրված հարցին: Այլ ոչ թե դասախասություններ կարդալ հուզականության, իրատեսության, պետականամետության մասին և այլն:

Հ.Գ. Ի դեպ, հույզերի մասին: Հույզն ինքնին ոչ միայն վատ բան չէ, այլև քաղաքականության անհրաժեշտ հիմք, նաև բանականության անհրաժեշտ մաս: Ես չեմ հասկանում՝ ինչ գործ ունի մարդը քաղաքականության մեջ, եթե նրա հիմնական դրդապատճառը հետևյալ երեք հույզերից մեկը չէ՝
սեր սեփական երկրի ու ժողովորդի նկատմամբ,

սեր արդարության նկատմամբ
սեր ազատության նկատմամբ:
Այս երեք հզոր հույզերն են քաղաքականի հիմքում, ու դրանք չեն կարող փոխարինվել որևէ կեղծ սթափությամբ և այլնով»: