Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Դատավորների նվաստացում, կոռուպցիայի խրախուսում. հանրային արձագանքը Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին

125
Երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ., 16:25
Դատավորների նվաստացում, կոռուպցիայի խրախուսում. հանրային արձագանքը Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին

Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը հանրային հարթակում հերթական թեժ թեման է դարձել: Ըստ նախագծի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից կարճվում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հիմքեր։

Անցումային դրույթներում էլ ասվում է, որ «2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ՝ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»:

Սա հանրության մի հատվածի կողմից համարվել է ամենաանհավանական և անընդունելի տարբերակներից մեկը: Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն այդ քայլը համարում է օրենքի ուժով կոռուպցիայի խրախուսում:

«Սա մեր պատմության մեջ իսկապես աննախադեպ դրույթ է, երբ Սահմանադրական դատարանի դատավորին, կոնկրետ ժամկետներում հրաժարական տալու դիմաց, առաջարկվում է աշխատավարձ (ոչ թե կենսաթոշակ) մինչև իր 65 տարեկանը, ոչ թե նրա համար, որ նա աշխատի և պաշտպանի սահմանադրությունը, այլ չաշխատի, և թույլ տա իշխանությանը նրա փոխարեն նշանակել իրեն հարմար դատավորներ։ Սա օրենքով բացահայտ կոռուպցիա խրախուսելու առաջին դեպքն է մեր պատմության մեջ:

Համոզված եմ, որ այս Ազգային ժողովի ցանկացած պատգամավոր, ով կողմ կքվեարկի այսպիսի «օրենքի», կհավասարվի և կգերազանցի իր կոռումպացված նախորդներին, իսկ Սահմանադրական դատարանի ցանկացած դատավոր, որը կօգտվի այսպիսի «օրենքից», մինչև իր կյանքի վերջ կկրի անսկզբունք կոռուպցիոների խարանը, և իրավունք չի ունենա այլևս նայել իր համաքաղաքացիների աչքերին»,- սոցցանցում գրել է Ա. Չալաբյանը:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը նախարարության առաջարկը պետական մակարդակով ՍԴ դատավորների նվաստացում է որակել.

«Իշխող «հանճարների» թիմը «հանճարեղ» միջոց է գտել ՍԴ նախագահին հեռացնելու ճանապարհին: Ուրեմն էս «մեր ժողովրդի իշխանությունը» որոշել է օրենսդրական նախաձեռնություն բերել, համաձայն որի՝ ՍԴ դատավորներին օրինական կաշառք են առաջարկում հրաժարական տալու պայմանով: Ասում են՝ «սիրելի դատավորներ, ներկայացրեք ձեր հրաժարականը, մենք ձեզ խոստանում ենք, որ ձեզ մինչև ձեր հրաժականից առաջ առկա պաշտոնավարման ժամկետը կվճարենք էն աշխատավարձը, որը ստանում էիք ու դրան գումարած հետո էլ կտանք ձեր թոշակը»:

Հիմա արդեն կոռուպցիան օրենքով է, իսկ կաշառքը մեր՝ հարկատուներիս փողերով»,- գրել է Ն. Սամսոնյանը:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած հաշվարկների համաձայն՝ առաջարկն իրագործելու համար պետբյուջեց կպահանջվի 995 միլիոն դրամ: Մինչդեռ նա ճիշտ է համարում մասնագիտացված դատարանի ստեղծումը: Այդ մասին խորհրդարանականը խոսել է սոցցանցային տեսակապի միջոցով: