Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

476
Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 23:35
Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի մնջախաղի պետական թատրոնի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում և Դիլիջանում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 11-ին՝ ժամը 20:30-ին, Ծաղկաձորի «Ծաղկունյաց» հրապարակում:
Մանրապատումներով կներկայանան մասնակից թատերախմբերը: Արարողությունը կեզրափակվի հրավառությամբ:
Այս տարի փառատոնին մասնակցում են թատերախմբեր և անհատ մնջախաղացներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից: Հայաստանյան մասնակիցների թվում են Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ԵԹԿՊԻ-ի դերասանական բաժնի մնջախաղի կուրսը, «Ֆորմա» թատերախումը և դերասանուհի Աննա Վարդանյանը:
Փառատոնը կանցկացվի ցերեկային և երեկոյան ծրագրով՝ Ծաղկաձորի «Ծաղկունյաց» և «Օրբելիների» հրապարակներում: Մասնակիցները կներկայացնեն մնջախաղի արվեստի տարբեր ուղղությունները՝ էստրադային, դասական, պարային, դրամատիկ, ծաղրածուական և այլն: Կանցկացվեն վարպետության դասեր:
Օգոստոսի 13-ին ներկայացումները զուգահեռաբար կցուցադրվեն Դիլիջանի բացօթյա ամֆիթատրոնում և Ծաղկաձորում:
Օգոստոսի 14-ին տեղի կունենա փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում մասնակցության վկայականների հետ միասին հանդիսավորությամբ կհանձնվեն պատվո մեդալներ:
Ավանդույթի համաձայն փառատոնի ընթացքում կգործի անվճար երթուղի՝ Մաշտոց 58, Մատենադարանի հարակից տարածքից, Երևան-Ծաղկաձոր-Երևան ուղղություններով: