Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Բաթումի հայկական կաթոլիկ եկեղեցին ուղղափա՞ռ է դարձել

115
Երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ., 08:45
Բաթումի հայկական կաթոլիկ եկեղեցին ուղղափա՞ռ է դարձել

Հուլիսին Աջարիայի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել Բաթումի «սբ․ Թեոդորե Աջարացու անվան եկեղեցու» վերանորոգման մասին: Հայտարարության մեջ նշված է, որ եկեղեցին վերանորոգելու համար «Քարթու» հիմնադրամը, որն ըստ շրջանառվող լուրերի պատկանում է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին, Գամսախուրդիայի համար 35 փողոցում տեղակայված եկեղեցու վերանորոգումը մեկնարկել է՝ հատկացնելով 700 000 լարի գումար: Ընթացիկ աշխատանքներին ծանոթացել է Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Մայա Խաջիշվիլին և գործակալության ղեկավար Զաուր Ախվլեդիանին, գրում է aliq.ge-ն:

Նաև հայտարարության մեջ նշված է, որ տվյալ եկեղեցին ուղղափառ է և գտնվում է պատրիարքարանի ենթակայության տակ: Հենց այս հատվածն էլ աղմուկ է բարձրացրել հայ և վրացի գործիչների շարքում:
Աստվածաբան Բեքա Մինդիաշվիլին կիսվել է նյութով ու ֆեյսբուքյան իր էջում գրել․ «Պատրիարքարանի, իշխանության ու Քարթու հիմնադրամի հերթական ապօրինությունը և յուրացումը: Բաթումում պատմական հայկական կաթոլիկ եկեղեցին, անամոթաբար արդեն իշխանությունն ու պատրիարքարանը հայտարարել են ուղղափառ»:

Բաթումի հայ կաթողիկե եկեղեցին 1877 թվականին կառուցել են հայ կաթոլիկները՝ իրենց իսկ միջոցներով: Խորհրդային տարիներին այն օգտագործվել է որպես մարզադպրոց, որը փակվել է Վրաստանի անկախացումից հետո ու այլևս չի վերաբացվել: 2011 թվականին Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեն այն փոխանցել է վրաց ուղղափառ եկեղեցուն։

«Ալիք Մեդիան» զրուցել է նաև Թբիլիսիի հայ կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ հայր Միքայել Խաչկալյանի հետ: Վերջինիս խոսքով, հարցն օրակարգում է արդեն մի քանի տարի շարունակ, քննարկվում է նաև դատարանին դիմելը՝ եկեղեցին հայ կաթոլիկներին վերադարձնելու նպատակով: