Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Մշակվել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի հնգամյա ծրագիր

131
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ., 01:10
Մշակվել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի հնգամյա ծրագիր

ՀՀ առողջապահության նախարարությունը թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) դեմ պայքարի ռազմավարության ծրագիր է մշակել: Ինչպես տեղեկացնում է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը: «ԹՔՕՀ դեմ պայքարի խնդիրներն են. Հայաստանում ԹՔՕՀ վերաբերյալ վիճակագրական տվյալների բացակայությունը, հիվանդության զարգացման պատճառագիտության մեջ ծխախոտի օգտագործման և շրջակա միջավայրի օդի աղտոտվածության մեծ նշանակությունը, ՀՀ-ում ԹՔՕՀ դեմ պայքարի ուղեցույցների և գործելակարգերի բացակայությունը, բուժական գործընթացում առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային մասնագետների ոչ լիարժեք համակցված գործունեությունը, հասարակության ցածր տեղեկացվածությունը ԹՔՕՀ ռիսկի գործոնների և վաղ ախտանիշների վերաբերյալ»,- նշված է նախագծում:

«Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակի բուժօգնության որակի բարձրացումը, ծխախոտի օգտագործման և օդի աղտոտվածության հետ կապված հիվանդացության նվազեցումը, պացիենտների առողջության և կյանքի որակի բարելավումը, հաշմանդամության և մահացության նվազեցումը, բուժման ինտեգրացված մոդելի ներդրումը, ԹՔՕՀ սրացումների և հոսպիտալացման թվի նվազեցումը: «Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության կողմից: