Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ողջամիտ են կասկածներն առ այն, որ Ռ. Քոչարյանի գույքը հետագայում չբռնագանձվելու նպատակով օտարվի կամ փչացվի». դատախազ

328
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 13:45
«Ողջամիտ են կասկածներն առ այն, որ Ռ. Քոչարյանի գույքը հետագայում չբռնագանձվելու նպատակով օտարվի կամ փչացվի». դատախազ

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննության ժամանակ դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ քննիչը Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշում է կայացրել՝ հաշվի առնելով հնարավոր քաղաքացիական հայցի և դատական ծախսերի ապահովումը։

«Քննիչը գնահատել է, որ կարող են լինել մեծաքանակ դատական ծախսեր, գույքի բռնագանձում հետագայում արդեն Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագում և այդ համատեքստում ողջամիտ են կասկածներն առ այն, որ գույքը հետագայում չբռնագանձվելու նպատակով օտարվի կամ փչացվի»,- ասաց դատախազը:

Դատավոր Արսեն Նիկողոսյանի հարցին, թե ինչո՞ւ է քննիչը կալանք դրել Քոչարյանի ամբողջ գույքի վրա, դատախազ Վահե Դոլմազյանն ասաց, որ նախաքննական մարմինը դատական ծախսերի վերաբերյալ պատկերացում չի ունեցել, հետևաբար չի իմացել Քոչարյանին պատկանող որ գույքի վրա կալանք դնի, որի վրա՝ ոչ։

Նրա խոսքով՝ գույքի վրա կալանք դնելու պահին դատական ծախսերի գումարի չափը հայտնի չի եղել, բայց եղել է ողջամիտ կանխատեսում, որ ծախսերը մեծ են լինելու:

Այժմ արդեն դատական ծախսերի ճափը հայտնի է՝ 900 հազար դրամ:

Դատախազ Վահե Դոլմազյանն էլ իր հերթին նշեց, որ սույն գործով կան տուժողներ, որոնց պատճառվել է բարոյական, նյութական և այլ տիպի վնասներ. «Այսօր այդ տուժողների շրջանակը բավականին լայն է, այսինքն՝ մենք պետք է հաշվի առնենք նաև, որ վերջին հաշվով այդ մեղադրական եզրակացության մեջ, որ նշված է դատական ծախս, դա կոնկրետացված է: Պայմանավովրած այն հանգամանքով, որ սույն գործով կան բազմաթիվ տուժողներ, հետևաբար՝ դրամական արտահայտությամբ այդ թիվը կարող է շատ ավելին լինել»,- ասաց Դոլմազյանը: