Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Տիգրանի հեռանալով հեղափոխությունն ու հանրայինն այդպես էլ իրար ձեռք չեն սեղմելու». Կարինե Հարությունյան

283
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 07:25
«Տիգրանի հեռանալով հեղափոխությունն ու հանրայինն այդպես էլ իրար ձեռք չեն սեղմելու». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայեցի Տիգրան Պասկևիչյանի ասուլիսը, որն ի սկզբանե որպես հետուստաբանավեճ էր նախատեսված: Երեկ էլ նայեցի Արա Շիրինյանի հարցազրույցը: Եվ ընդհանրապես հետևում եմ երկու ընկերներին և համախոհներին (կարծում եմ՝ նրանք դեռ ընկերներ ու համախոհներ են) այս հրապարակային բանավեճին, որովհետև ոգևորվելով Հանրայինում այդ երկու մարդու առկայությունից և նոր ժամանակների իրողությունից, ինչ-որ երազներ ունեի:
Մի շատ մեծ սխալ է տեղի ունեցել. Տիգրանն ու Արան միասին պիտի գործեին-գործեն: Թող ինձ ների Արան, բայց Տիգրանի հեռանալով հեղափոխությունն ու հանրայինը, ըստ էության, այդպես էլ իրար ձեռք չեն սեղմելու:
Արա Շիրինյան ջան, խնդիրը անձերը չեն, այլ անձերի մտածողությունը, այն անցյալը, որում նրանք որպես անձ են ձևավորվել: Երկրորդ՝ եթե իսկապես ճիշտ է, որ ասվել է, թե մարդիկ չկան, անձամբ՝ ես ինձ վիրավորված եմ զգում, վստահ եմ՝ էլի վիրավորվածներ կան. լավ փնտրել է պետք, գտնել, փորձել մարդկանց, անգամ համոզել, անգամ չսպասել, որ մարդն ինքը ներկայանա, որովհետև կարող է այդ մարդը չի էլ մտածում, որ նախկին իներցիան չկա՝ ծանոթին-ընկերոջը-համախոհին տեղավորելու:
Տիգրան ու Արա ջաներ, խնդրում եմ, նկատի ունեցեք, որ այս իրավիճակից օգտվում են ուրիշները. նրանք, ովքեր վախենում էին-են Հանրայինի վերափոխումից՝ տարբեր պատճառներով, իսկ Հանրայինը տուժում է, միանշանակ: Ուստի՝ կոչ եմ անում ընկերաբար նստել ու խոսել: Սա եզակի հնարավորություն էր-է երկուսով մի շատ մեծ գործ անելու երկրի համար, նույնիսկ ավելի մեծ, կներեք, քան ձեր՝ համատեղ նկարահանած որևէ ֆիլմ: Եվ կուզենայի, որ այդ քննարկման արդյունքում Տիգրանը վերադառնար Հանրային: Այսօր լրագրողն ասում է, թե Տիգրանը մենակ է մնացել բանավեճում հնչելիք հարցերի դիմաց: Արա ջան, տեսնում եմ, դու էլ ես մենակ:
Ակնկալում եմ, որ խնդրանքս տեղ կհասնի: Իսկ Լևոն Բարսեղյան ջանը կարող է հրաշալի կնքահայր դառնալ այդ հանդիպման համար:
Հ.Գ. Եթե կողմերից որևէ մեկին հաճո չէ այս գրառումս, ներողություն եմ խնդրում, համարեք, որ չեմ գրել այն»: