Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«ՀՀ-ին տրամադրվելիք 70 միլիոն եվրոն կուղղվի շատ կոնկրետ ծրագրերի». ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի

245
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 13:35
«ՀՀ-ին տրամադրվելիք 70 միլիոն եվրոն կուղղվի շատ կոնկրետ ծրագրերի». ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի

«Ես մեծ հաճույք եմ ստացել մեր համագործակցությունից, մենք վայելել ենք դրական վերաբերմունք: Պաշտպանեք ձեր ազատությունը, հատկորոշեք և բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի և կարծիքների միջև և պայքարեք ատելության խոսքի դեմ։ Ինձ լավ հիշեք». հուլիսի 22-ին պաշտոնավարման տարիներն ամփոփող ասուլիսում հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նա նկատեց, որ Եվրոմիություն-Հայաստան հարաբերություններում խնդիրներ չկան, դրանք գերազանց են, և առկա է ամենաբարձր մակարդակի բարեկամական ակտիվ երկխոսություն։

«Մեր անցկացրած հարցման արդյունքներով՝ հայաստանցի պատասխանողների 92 տոկոսի կարծիքով՝ ԵՄ-ի հետ հարաբերություններն արդյունավետ են զարգանում։ Կան այլ դրական թվեր ևս. հայերի 60 տոկոսը վստահում է ԵՄ-ին, 60 տոկոսից ավելին դրական է ընկալում ԵՄ-ն»,- թվային տվյալներ ներկայացրեց դեսպանը։

Պ. Սվիտալսկին կրկին հիշեցրեց, որ ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ին՝ դատական բարեխումների իրականացման գործում՝ բարեփոխումների որևէ մոդել չպարտադրելով: ԵՄ կողմից աջակցությունը հայ գործընկերներին է ներկայացվել տարբեր մակարդակներում:

«Իսկապես անկախ, մաքուր, անբիծ, արդյունավետ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին մենք պատրաստ ենք քաղաքական և ֆինանսական աջակցություն և խորհրդատվություն ապահովել։ ԵՄ-ն պատրաստ է չափելի ֆինանսական օգնություն տրամադրել դատաիրավական բարեփոխումների գործընթացին։ Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ, քննարկումները չափազանց կառուցողական են եղել։ Մենք խոսում ենք ուղիղ աջակցության և բազմամիլիոնանոց աջակցության ծրագրի մասին, որն ընդլայնվում է դեպի ապագա՝ գալիք 3-4 տարվա համար»,- հայտարարեց դեսպանը։

Արդեն իրականացման փուլում է Հայաստան-ԵՄ ընդլայնված համաձայնագիրը: Ըստ դեսպանի՝ հիմա արդեն հայ հասարակությունը պետք է հետևողական լինի դրա իրականացման ընթացքին:

Հարցին, թե ժամանակին Եվրոպական խորհրդի նախագահ Դ. Տուսկը հայտարարել էր, որ ԵՄ կողմից ֆինանսական աջակցությունը պետք է կրկնապատկվի, սակայն դա համենայն դեպս մինչ այժմ իրողություն չի դարձել, Պ. Սվիտալսկին նշեց, որ ծրագրային աջակցության շրջանակներում 2019 թվականի ընթացքում աջակցությունը 35 միլիոնից կհասնի 70 միլիոնի: Հիմա կառավարության հետ քննարկում են այն հարցը, թե որտե՞ղ պետք է օգտագործեն այդ փողը: Համենյան դեպս այդ 70 միլիոն եվրոն կուղղվի շատ կոնկրետ ծրագրերի»,- ամփոփեց Պ. Սվիտալսկին: