Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Նոր իշխանությունների համաժողովրդական երկրպագության մեղրամիսը մոտենում է իր ավարտին». Արմեն Աշոտյան

405
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 21:40
«Նոր իշխանությունների համաժողովրդական երկրպագության մեղրամիսը մոտենում է իր ավարտին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի այցերը գնալով վերածվելու են մղձավանջի։ Նոր իշխանությունների համաժողովրդական երկրպագության մեղրամիսը մոտենում է իր ավարտին։

Փաշինյանի կախարդական փայտիկը Իջևանում վերածվեց մահակի, Գյումրիում ժողովրդի վարչապետը՝ ժողովրդի վրա մունաթ եկող չինովնիկի։

Մարդիկ, որոնք անցյալ տարի իրենց ձեռքերի վրա նրան բերեցին իշխանության, այսօր Գյումրիում ձեռքերը պարզած փորձում էր «դարձի բերել» անվտանգության ծառայության աշխատակիցների արանքում իրանցից խուսափող Փաշինյանին։

Իջևանում ուժի անհամաչափ կիրառումը, անկախ պատճառից, ունի ընդամենը մեկ նպատակ՝ օրորոցում խեղդել զանազան առիթներով երկրի տարբեր հատվածներում բոցկլթացող խնդիրների զանգվածային դրսեւորումները։

Հիասթափության եւ դժգոհությունների ալիքը դեռ նոր է ձեւավորվում։ Թե որտե՞ղ, ե՞րբ և ինչպե՞ս այն կդառնա «իններորդ ալիք», այդքան կարևոր չէ։ Առավել կարևոր է, որ պետականության ինստիտուցիոնալ հիմքերը արդյունքում վերջնականապես չփլուզվեն։

Նիկոլը գնալով թուլանալու է, բայց պետությունը պետք է ուժեղ մնա»։