Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված իրադարձությունները մեսիջ են Ռ. Քոչարյանի գործը քննող բոլոր դատավորներին». Հայկ Ալումյան

803
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 11:35
«Դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված իրադարձությունները մեսիջ են Ռ. Քոչարյանի գործը քննող բոլոր դատավորներին». Հայկ Ալումյան

«Դատախազությունը, ՀՔԾ-ն և ԱԱԾ-ն՝ բոլորը լծված են մի գործի՝ հավաքել ապացույցներ, որպեսզի Քոչարյանը գտնվի կալանքի տակ, և մեղադրանքը հիմնավորվի: Սակայն այդ դաշտում նրանք արդեն վաղուց տանուլ են տվել: Չհաջողվեց հիմնավորել թե մեղադրանքը, թե կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Դա է պատճառը, որ նրանք ավելի ու ավելի հաճախ սկսել են դիմել անթույլատրելի մեթոդների, գործարկել ուժային մեթոդներ, որի հնարավորությունն իրենք ունեն». հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

Նա պնդեց, որ իրավական դաշտում պարտություն կրելն էր պատճառը, որ ուժային կառույցները ՀՀ վարչապետի հետ ձեռնարկեցին աննախադեպ ակցիա՝ փակել դատարանները՝ ահաբեկելով դատավորներին:

Պաշտպանը պնդեց, որ եթե իր պաշտպանյալին կալանավորելու հիմքեր լինեին, ապա ԱԱԾ ղեկավարը ստիպված չէր լինի բացատրական աշխատանքներ տանել դատավորի հետ և հետո էլ ասել՝ կալանքը ուզես-չուզես պիտի տաս: Փաստաբանը գնահատեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված իրադարձությունները մեսիջ են բոլոր այն դատավորներին, ովքեր հետագայում կքննեն Ռ. Քոչարյանի գործը: