Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այսօր անգամ մի բաժակ արևածաղիկ չես կարող ծախել, եթե չունես մարդկանց վստահությունը, պարո՛ն Հրայր Թովմասյան». Վարդ Սիմոնյան

338
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 17:20
«Այսօր անգամ մի բաժակ արևածաղիկ չես կարող ծախել, եթե չունես մարդկանց վստահությունը, պարո՛ն Հրայր Թովմասյան». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր անգամ մի բաժակ արևածաղիկ չես կարող ծախել, եթե չունես մարդկանց վստահությունը, պարո՛ն Հրայր Թովմասյան: Ավելին՝ չունենալով հանրային վստահության քվե, դու ակամայից վարկաբեկում ես նաև արևածաղիկ վաճառողների ինստիտուտը՝ ահա իրավիճակի ողջ տրագիզմը: Իհարկե, իրավաբանական ժարգոնով կարելի է հասարակության քաղքենի հատվածից տպավորություն կորզել, բայց մենք Գագիկ Հարությունյան տեսած ազգ ենք և մասնագիտական լեզվակոխով մեզ չես բժժեցնի:
Ազնիվ ասած, ես չեմ ուզում անդրադառնալ Ձեր վերջին հարցազրույցին, որովհետև դեռ ուշքի չեմ եկել իմ ու Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի վերջին հարցազրույցից, հիշո՞ւմ եք.

Հարց. Պարոն Թովմասյան, մենք այսքան ժամանակ խոսում ենք դատական համակարգի կոռուպցիայի մասին, բայց մի նստած դատավոր չունենք։ Սա ի՞նչ պարադոքս է, լավ։ Որտե՞ղ են այդ կոռուպցիայով զբաղվողները։

Հրայր Թովմասյան-Այսինքն՝ Դուք կոռուպցիան հասկանում եք այսպե՞ս՝ X-ը Y-ին պետք է գումար տար, բոլորը տեսնեին, գնային ու բռնեին... Այսինքն՝ հասարակական պատկերացումը, երևի, հենց այդպիսին է։ Հիմա չասեք, թե ես ինչ-որ սխեմա եմ առաջարկում, բայց տեսեք՝ մի փաստաբան, որ իր հաճախորդին ասում է իր ծառայությունների գինը։ Դատավոր ընկեր, ով նաև համակուրսեցի է, ասենք, Ամանորին գնում է նրա տուն և նրան տալիս է X-ը բազմապատկած ինչ-որ թվով նվեր... Ի՞նչ եք անելու Դուք այստեղ, ո՞նց եք բռնում, կամ ի՞նչը բռնեք։

Հարց.-Պարոն նախարար, Դուք հենց դասական կաշառքի օրինակ ներկայացրիք։ Ի՞նչ է նշանակում՝ ո՞նց բռնենք։ Կաշառքի դասական բնորոշումները կան, համապատասխան հոդվածներով հանդերձ, չէ՞։ Փաստորեն, այսքան տարվա մեջ մի դատավոր չբռնեցի՞նք, որի մեղքն ունենար ապացուցողական բազա։

Հրայր Թովմասյան-Կրկնում եմ, այս սխեմայում գործիքները չես կարող ստուգել։

Իսկ իմ այն հարցին, թե՝ Ձեզ ի՞նչը կամ ո՞վ ստիպեց դառնալ Հանրապետական կուսակցության անդամ, Թովմասյանը պատասխանել է. «Այսպես է՝ քաղաքական դաշտում խաղում են քաղաքական կուսակցությունները։ Եթե ֆուտբոլային լեզվով ասենք՝ խաղում են թիմով, այդ թիմն ունի իր փիլիսոփայությունն ու քաղաքականությունը, և դու էլ այդ քաղաքական թիմի անդամն ես։»:
...ԵՎ ԴՈՒ ԷԼ ԱՅԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄ ԵՍ՝ ահա և Հրայրի ինքնախոստովանական ցուցմունքը;
Հ.Գ.-Այդ օրն ինձ այլ բան չէր մնում, քան իմ հարցազրույցի նախաբանը դարձնել «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը»: Ամբողջական նյութը տես՝ ներքևում»: