Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը և վեթինգը. դեռ եռացող կաթսա

409
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ., 14:10
Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը և վեթինգը. դեռ եռացող կաթսա

«Ընդհանուր համակարգային համատեքստում վեթինգի գործողությունների պատկերացումները տեսանելի չեն: Տեղեկատվությունը, որ փոխանցվում է վարչապետին հնարավոր բարեփոխումների իրականացման ու խնդիրների առնչությամբ, մեր իրականությունը չի պատկերում». «Մեդիա կենտրոնում» «Հակասություններ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության շուրջ․ կիրականացվի՞ վեթինգ, թե՞՝ ոչ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ ղեկավար Հայկուհի Հարությունյանը:

Ըստ նրա՝ բարեփոխումները պետք է ներառեն արդարադատության շղթայի բոլոր օղակները՝ դատարաններ՝ նախաքննության մարմին և դատախազություն:

«Սակայն արդեն երկրորդ անգամն է, որ վարչապետն առանձնացնում է նախաքննական մարմիններին՝ մեղքի մեծ բաժինն ուղղելով դեպի դատարաններ: Համակարգում առկա խնդիրները պետք է դիտարկվեն համակողմանիորեն, ինչը վարչապետի մոտեցումներում չկար»,- ասաց նա: Բանախոսի գնահատմամբ՝ գոնե իր համար վստահություն չներշնչող էին իշխանության այն հավաստիացումները, որ իրականացվող գործողություններն ապահովելու են դատարանի այնպիսի գործունեություն, որն աներկբա հեղինակություն է ունենալու և հանգեցնելու է նրան, որ արդարադատությունը գործելու է միայն Հայաստանի քաղաքացու համար:

Մեկ այլ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանն իր գործընկերոջ մատնանշած ցանկում ներառեց նաև փաստաբաններին: Նրա գնահատմամբ՝ հասարակությունը դեռ չի սպառել հեղափոխական էյֆորիան և սպասելիքներ ունի բարեփոխումների առումով:

«Պետք է վճռականությունը զուգակցել ազգային ռեսուրսները ճիշտ օգտագործելու հետ»,- բանաձևեց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կարծիքով՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը չէր պարունակում այնքան մտահոգիչ կետեր, որոնք ներկայացվել էին հանրությանը : Նա «արհեստական» համարեց «մասշտաբային մտահոգությունների հրահրումը»: Խորհրդարանականը համաձայնեց, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները հապաղում են: Առաջարկեց վեր կանգնել վեթինգ տերմինից և նշեց բարեփոխումների իրականացման ճանապարհը. «Եղած մեխանիզմների իրացում, վերհանում, թե նախկինում ինչո՞ւ դրանք չեն կիրառվել, կարգապահական վարույթի հիմքերի և մեխանիզմների ընդլայնում»:

Իշխանական պատգամավորը միևնույն ժամանակ դատական բարեփոխումների իրականացումը վեթինգի ճանապարհով իրականացնելու գաղափարից հրաժարվելը համարեց առողջ գաղափարական քննարկում և քաղաքացիական հասարակության ձայնի հետ հաշվի նստում:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներին փոխարինելու անհրաժեշտությանն ու հեռանկարին՝ հ/կ-ների ներկայացուցիչները հիշեցրին, որ նրանք նշանակվել են նախկին իշխանության օրոք, և իրենց համար պարզ չէ, թե նրանց փոխարինելու հարցով քննարկումներ եղե՞լ են, թե՞ ոչ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ նկատեց, որ Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական ու խորհրդատվական կառույց է, որում տվյալ երկրի ներկայացուցիչներն անկախ են:

«Փոխելու դեպքում մենք ինչպե՞ս ենք խուսափելու շահարկումներից, որ ՀՀ իշխանությունը փորձագիտական կառույցում փորձում է փոխել և նշանակել մարդկանց, ովքեր ներկայացնելու են իշխանության տեսակետը և ոչ թե մասնագիտական դիրքորոշումը»:

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանն աներկբա համարեց, որ փակ արձանագրությունը չպետք է հրապարակայնացվեր, և արդարադատության նախարարությունն աշխատում է այն ուղղությամբ, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն:

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն էլ պնդեց, որ Վենետիկի հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանը պետք է փոխարինվի, և հանձնաժողովում պետք է լինեն իսկապես անկախ փորձագետներ: Հիմնավորումն էլ այն է, որ Վ.Պողոսյանը Ջի Այ Զեթ կազմակերպության անդամ է: Իսկ այդ կառույցի պատվիրատուն Գերմանիայի տնտեսական զարգացման ու համագործակցության նախարարությունն է: Ուստի՝ այդ հանգամանքը պետք է անընդունելի լիներ ՀՀ իշխանության համար: