Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ԲԴԽ ներկա կազմը և դեռ չստեղծված Հակակոռուպցիոն մարմինը չեն վայելում ժողովրդի վստահությունը». Արման Բաբաջանյան

278
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ., 13:30
«ԲԴԽ ներկա կազմը և դեռ չստեղծված Հակակոռուպցիոն մարմինը չեն վայելում ժողովրդի վստահությունը». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՐԱԺԱՐԻՄՔ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵՆԷ:

Ցավալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ի և դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին իր ընդարձակ հարցազրույցում ոչ մի բառ չխոսեց անցումային արդարադատության մասին։

Մինչդեռ մայիսի 20-ին դատաիրավական բարեփոխումներին նվիրված իր ընդարձակ ելույթում բառացի ասում էր․ «Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը»։

Պարզվում է, որ ոչ մի աշխատանք էլ չի կատարվել։ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականի կարևոր պատճառներից մեկը հենց այդ հանգամանքի բացահայտումն էր։ ԱԺ Իմ քայլը խմբակցությունն էլ համապատասխան կարողություններ չունի, որպեսզի ընդունակ լինի այսպիսի աշխատանքի լծվել։

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն էլ անցումային արդարադատությանը նվիրված ԱԺ լսումների ժամանակ իր ելույթում ասում էր․ «Անցումային արդարադատության նպատակը վերջնական անկախ դատական համակարգի ձևավորումն է․․․ Անցումային արդարադատությունը պիտի օրենսդրական, օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը: Սա, թերևս, ամենաէական ուղերձն է, որը պետք է մտքներումս պահենք»:

Նիկոլ Փաշինյանը, նախօրեին իր հարցազրույցում խոսելով վեթինգի մասին, ասում է․ «Նպատակը վեթինգը չէ, այլ անաչառ դատարան ունենալը»։

Հիասթափեցնեմ, դատական համակարգը առողջացնելու այլ գործիք այս պահին, քան վեթինգի վերաբերյալ հայեցակարգն է, ապա վեթինգի մասին օրենքը հնարավոր չէ մտածել։ Վաղ թե ուշ, Եվրախորհրդի կամքով կամ նրանց կամքին հակառակ Հայաստանի իշխանությունը դիմելու է անցումային արդարադատության այս կարևոր գործիքին՝ դատական համակարգը առողջացնելու համար։

ԲԴԽ ներկա կազմը և դեռ չստեղծված Հակակոռուպցիոն մարմինը չեն վայելում ժողովրդի վստահությունը։ Կասկածներ կան, որ ԲԴԽ նորընտիր անդամների մեջ նախկին ռեժիմի հետ սերտաճած կոռումպացվածներ կան։ Այսպիսի արատավորված բեռով ու անցյալով մարդիկ չեն կարող դատավորներին եկամուտների ծագման օրինականության և կամ բարեվարքության չափորոշիչների վեթինգ իրականացնել։

Դրա այլընտրանքը նշանակում է շարունակել Մնացական Մարտիրոսյանների, Արմեն Բեկթաշյանների, Դավիթ Գրիգորյանների, Ալեքսանդր Ազարյանների և շատ ուրիշ արատավոր դատավորների հետ դատական համակարգի առողջացման հույսեր փայփայել»: