Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Իրենց տերերի դռների տակ վնգստում են, թե եկեք մեզ տիրություն արեք». Փաշինյանը` ներկայիս դատական համակարգի մասին

427
Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ., 20:55
«Իրենց տերերի դռների տակ վնգստում են, թե եկեք մեզ տիրություն արեք». Փաշինյանը` ներկայիս դատական համակարգի մասին

ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատության» եթերում այսօր անդրադարձավ դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցին: Նա նշեց, որ դատական համակարգի հիմնական խնդիրն այն է, որ կայացրած որոշումներին հասարակությունը չի վստահում:

«Ինձ համար կարևոր և էական չէ, թե Առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչը, Վճռաբեկը, կամ Սահմանադրականը բովանդակային առումով ինչպիսի որոշում կկայացնի այս կամ այն գործում: Ինձ համար ամենակարևոր քաղաքական խնդիրն այն է, որ երբ դատարանը որևէ որոշում երբ որ կայացնի, մենք դա ընդունենք ուղղակի որպես ի գիտություն, որ ասենք՝ մեր Սահմանադրական դատարանը կայացրել է այսպիսի որոշում, կապ չունի՝ լավ է, վատ է»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այժմ երբ դատարանն ինչ-որ որոշում է կայացնում հասարակությունն ու մամուլը սկսում են կարծիքներ հայտնել, որ որոշումը կայացվել է իր՝ վարչապետի միջնորդությամբ. «Իմ խնդիրն այն չէ, թե դատարանն ինչպես է որոշում, ինձ պետք է, որ որևէ դատարան երբ որոշում է կայացնում, մարդիկ չբաժանվեն երկու խմբի: Այս ամեն ինչից հետո՝ մի տարուց հետո պարզվում է, որ դատական համակարգը իրեն ոչ թե անկախ է զգում, այլ ատներ է զգում և ման է գալիս, թե որտեղ տեր փնտրի: Չեմ բացառում, որ երբեմն գնում են Հայաստանից դուրս են տեր փնտրում. «Եկեք մեզ տեր կանգնեք, մենք անտեր ենք, որովհետև մենք սովորել ենք, որ մենք միշտ պետք է տեր ունենանք, ու նրա ձեռքը միշտ պիտի փայտ լինի, որով մեր գլխին անտընդհատ տա». էս ա մեր դատական համակարգը: Եվ այս դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ՝ կամ-կամ, չի կարող ուրիշ կերպ լինել»,-հայտարարեց նա:

Դիտարկմանը՝ գուցե հասարակության մոտ նմանատիպ կարծիք է ձևավորվել այն բանից հետո, երբ վարչապետը կոչ արեց փակել բոլոր դատարանների դռները, Փաշինյանն ասաց. «Ինչի ես ուզում էի դատական գործերին միջամտել ու չէի կարո՞ւմ: Այսինքն՝ էնքան բան չունեմ, որ դատական գործերին պետք լիներ միջամտել, ես չէի՞ կարողանում միաջմել... ինձ պետք էր այդ ակցիան, դա սիմոլիկ ակցիա էր՝ ցույց տալու համար, որ չի կարող լինել այն դատական համակարգը, որին ժողովուրդը չի վստահում: Սա տիրոջ ստրուկ դատական համակարգ է, էդ մարդիկ տերեր են փնտրում, գնացել են իրենց տերերի դռների տակ վնգստում են, թե եկեք մեզ տիրություն արեք, բա լավ չէր էն ժամանակ մեզ փող էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք տալիս»,-ասաց նա:

Փաշինյանն իր վերջին դիտարկմանը նաև հավելեց, որ չնայած ներկայիս համակարգը չի համապատասխանում այժմյան Հայաստանին, սակայն դա չի նշանակում, որ իսպառ բացակայում են դատավորները, որոնք նոր արժեքների կրողն են: