Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պիտի երգինք օրորն հույսին ու վրեժին». Արշակ Չոպանյանի ծննդյան օրն է

1761
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ., 12:15
«Պիտի երգինք օրորն հույսին ու վրեժին». Արշակ Չոպանյանի ծննդյան օրն է

Պիտի երգինք օրորն հույսին ու վրեժին,
Ու մեռելներն պիտի հողին տակ սարսին...

«Օրոր մայր Հայաստանին»

Արձակագիր, բանաստեղծ, բանասեր, գրաքննադատ
Արշակ Չոպանյանը ծնվել է 1872 թ. հուլիսի 15-ին Կոստանդնուպոլիսում: Սովորել է տեղի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում, աշակերտելով ժամանակի մի շարք ականավոր գրական գործիչների:

Արշակ Չոպանյան
Արշակ Չոպանյան

Ստեղծագործել է վաղ տարիքից, ինքնուրույն և թարգմանական գործերով աշխատակցել «Բուրաստան մանկանց», «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին: 1895թ. խմբագրել է «Ծաղիկ» երկշաբաթաթերթը: Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից՝ նույն թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1898-1911թթ և 1929-49թթ հրատարակել է «Անահիտ» գրական-գեղարվեստական հանդեսը: 1917-19թթ մասնակցել է «Վերածնունդ», 1921-24թթ՝ «Ապագա» թերթերի խմբագրմանը: Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Արշալույսի ձայներ» (1891թ.), «Թրթռումներ» (1892թ.), «Քերթվածներ» (1908թ.) գրքերում, որոնք բնորոշվում են ռոմանտիկական պոեզիայի միակողմանիությունը հաղթահարելու և իրականության կենդանի գծերն արտահայտելու ձգտումով:

Արշակ Չոպանյան
Արշակ Չոպանյան

Հայ գրականության մեջ առանձնակի նշանակություն ունի նրա քննադատական և գիտական-բանասիրական գործունեությունը։ Լինելով մշակութապատմական դպրոցի սկզբունքների հետևորդ՝ նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ։ Հրատարակել է միջնադարյան և նոր շրջանի գրական հուշարձաններ՝ Նահապետ Քուչակին վերագրվող քառյակների և ընդհանրապես միջնադարյան հայրենների ժողովածուները («Նահապետ Քուչակի դիվանը», 1902թ., «Հայրեններու բուրաստանը», 1940թ.), «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» (1910թ.), «Հայ էջեր» (1912թ.) գրքերը և այլն: Կազմել և լույս է ընծայել Պետրոս Դուրյանի (1894թ.) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (1907թ.) երկերը, որոնց նվիրել է ծավալուն ուսումնասիրություններ: Առաջինն է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը վերլուծել՝ որպես գեղարվեստական ստեղծագործություն, կրոնամիստիկական շղարշի տակ տեսել արտահայտված կենսական գծերն ու մարդասիրական էությունը, Նարեկացուն դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին:

Ձախից՝ Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, Արշակ Չոպանյան, Վահրամ Փափազյան։
Ձախից՝ Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, Արշակ Չոպանյան, Վահրամ Փափազյան։

Արձագանքել է գրական նոր երևույթներին, հաճախ առաջինն է տվել դրանց հեղինակների (Վահան Թեքեյան, Սիամանթո, Դանիել Վարուժան, Մատթեոս Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնության բնութագիրը։ 1924թ. Եղիշե Չարենցին անվանել է «Հայ մեծագույն բանաստեղծներեն մին» և «Հայ հանճարի նոր հաստատումը» («Ապագա», 1924թ.)։

Կոմիտաս Վարդապետ և Արշակ Չոպանյան - 1917
Կոմիտաս Վարդապետ և Արշակ Չոպանյան - 1917

Հոդվածներ է գրել նաև եվրոպացի (Վ.Հյուգո, Օ.Բալզակ, Է.Զոլա, Հ.Իբսեն, Է.Վերհառն) և ռուս (Ա.Պուշկին, Ն.Գոգոլ, Լ.Տոլստոյ, Ի.Տուրգենև) գրողների մասին: Մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում տարածելու և Հայ դատը պաշտպանելու համար:

Անձնական և նամակագրական կապեր է ունեցել ժամանակի եվրոպացի գրողների ու հասարակական գործիչների հետ: Ֆրանսերեն թարգմանել և հրատարակել է հին ու նոր շրջանի հայ բանաստեղծների բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ամփոփել է «Վարդենիք Հայաստանի» (3 հատոր, 1918-29թթ) ժողովածուի մեջ: Մահացել է 1954 թ. հունիսի 8-ին Փարիզում: