Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

«Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու թե՛ իր նախագահի թեկնածուին, թե՛ խորհրդարան մտնող քաղաքական ուժերը». Վահրամ Պողոսյան

259
Կիրակի, 14 հուլիսի, 2019 թ., 02:05
«Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու թե՛ իր նախագահի թեկնածուին, թե՛ խորհրդարան մտնող քաղաքական ուժերը». Վահրամ Պողոսյան

Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում վերջերս ստեղծված «Միացում» միավորումն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ժողովրդի անունից գնահատականներ է հնչեցնում, տալիս անհարկի որակումներ և խոսում ինչ-որ «փրկիչ» երրորդ ուժի անհրաժեշտության մասին:

Արձագանքելով այդ հայտարարությանը՝ նախ ցանկանում եմ ընդգծել, որ որևէ կազմակերպության կամ անհատի, այդ թվում՝ «Միացում» հռչակված միավորմանը իրավունք վերապահված չէ ժողովրդի անունից հանդես գալու և, առավել ևս, անհարկի գնահատականներ հնչեցնելու: Իշխանության ձևավորման գործընթացում Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու թե՛ իր նախագահի թեկնածուին և թե՛ խորհրդարան մտնող քաղաքական ուժերը: Իսկ անհիմն ու անտեղի հրապարակային խորհուրդների կարիքը «Ազատ հայրենիք» կուսակցությունը չունի, փոխարենը խորհուրդ կտայի ավելի օգտակար գործով զբաղվել, օրինակ՝ հարգել իրենց շահարկած ժողովրդի ու հայրենիքի պաշտոնական լեզուն և գոնե գրավոր խոսքը զերծ պահել տասնյակ կոպիտ սխալներից:

Ինչ վերաբերում է Արցախում տնտեսական խորը ճգնաժամի առկայության մասին պնդումներին՝ նշեմ, որ այստեղ ևս ակնհայտ են վերջիններիս կողմից սիրողական մակարդակում արված որակումները: Այդ են վկայում վերջին 10-12 տարիների ընթացքում Արցախում արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերը, 2007-ից սկած պետական բյուջեի բազմապատիկ աճի ցուցանիշները և, վերջապես, հայազգի ամենահայտնի տնտեսագետների տված գնահատականները, որոնք բոլորովին կապ չունեն իրենց պնդումների հետ: Իսկ եթե առարկություն կա ասվածի շուրջ, ապա պատրաստ ենք կլոր սեղան հրավիրել և հրապարակավ քննարկել մեր հանրապետությունում սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրներն ու հաջողությունները:

Հ.Գ. Առաջիկայում հանրության ուշադրությանը կներկայացնենք փորձագիտական լավագույն կենտրոններից մեկի կատարած ուսումնասիրությունը,­ որը պրոֆեսիոնալ կերպով վերլուծել է վերջին մոտ մեկ տասնամյակի ընթացքում մեր հանրապետության տնտեսությունում արձանագրված հիմնական ցուցանիշները»: