Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.

Արմավիրում կաշառք ստանալու համար երեք անձի մեղադրանք է առաջադրվել

110
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ., 15:00
Արմավիրում կաշառք ստանալու համար երեք անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի երեք բնակչի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, համաձայնության է եկել Արմավիրի մարզի 1972-ին ծնված բնակչի հետ՝ վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցչուհի աշխատանքի ընդունելու հարցի շուրջ՝ որպես կաշառք պահանջել խոշոր չափի՝ 487.290 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումար:

2017թ. նոյեմբերի 13-ին 1972-ին ծնված տղամարդու դուստրն աշխատանքի է ընդունվել հիշյալ դպրոցում, իսկ պայմանավորված գումարը դպրոցի տնօրենին պարտավորվել է փոխանցել աղջկա ամուսինը:

Այդ նպատակով 2018թ. հունվար ամսին նա հանդիպել է դպրոցի տնօրենին, տվել 200.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մնացած մասը հետագայում հրաժարվել է վճարել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ կնոջ հորն ու ամուսնուն՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին