Երևան`   +32 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

«Վարկած կա, որ հաճախականության այդ հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից». Հակոբ Վարդանյան

146
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 16:25
«Վարկած կա, որ հաճախականության այդ հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից». Հակոբ Վարդանյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ նշեց, որ այսօր13:46 րոպեին ամբողջ համակարգում հաճախականության տատանում է եղել, ինչի հետևանքով անջատվել են Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետև՝ Երևանի ՋԷԿ-ը, հետո՝ ավելի փոքր կայանները: Փոխնարարը նշեց, որ այս պահին դեռևս հստակ ախտորոշված չէ պատճառը, բայց կայունությունը վերականգնված է:

«Էներգոհամակարգի արտադրական հզորությունները, մատակարարումը վերականգնվում են: Մեր համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգոհամակարգի հետ, ու ցանկացած տատանում մեր երկրում զգացվում է իրենց մոտ և՝ հակառակը: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության այդ հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք Իրանի մեր գործընկերների հետ ևս եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ ևս նմանատիպ վթարներ տեղի են ունեցել միևնույն ժամանակահատվածում: Բայց ասել, որ վթարի հարյուր տոկոսանոց պատճառն իրանական էներգոհամակարգից է, այս պահին չենք կարող ասել»,-ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ ՝ ուսումնասիրություններ կատարելու համար:

«Անհանգստանալու կարիք չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել»,-հայտարարեց փոխնախարարը: