Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Բրուքների 4-րդ սիմֆոնիայով ամփոփեց 13-րդ համերգաշրջանը

600
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 22:05
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Բրուքների 4-րդ սիմֆոնիայով ամփոփեց 13-րդ համերգաշրջանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր13-րդ համերգաշրջանն ամփոփեց ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիայի ներկայացմամբ։

Անտոն Բրուքներն այն կոմպոզիտորներից է, ով ճամաչման է հասել ստեղծագործական կյանքի մայրամուտին: Նրա ստեղծագործական ժառանգության հիմնական մասը կազմում է սիմֆոնիկ և հոգևոր երաժշտությունը։ Առաջին նշանակալից ստեղծագործությունը Բրուքները գրել է մոտ 40 տարեկանում։ Բացառությամբ կոմպոզիտորի 4-րդ սիմֆոնիայի, որը կրում է «Ռոմանտիկ» անվանումը, մյուս սիմֆոնիաները հեղինակի կողմից չեն անվանակոչվել։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշում է, որ Բրուքների երաժշտությունն իրեն հոգեհարազատ է։ Բրուքների 4-րդ սիմֆոնիան շատ անսպասելի էր ժամանակահատվածի համար, և այսօր լսելով այդ ստեղծագործությունը՝ կարելի է զգալ, ընկալել այն ժամանակաշրջանը, որ ապրում էր հեղինակը։

Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ Բրուքներ կոմպոզիտորն իր սիմֆոնիզմով փոխել է աշխարհը։ Նրա սիմֆոնիաներում կուտակված էներգիան փոխանցվում է դարեր շարունակ, հուզում ունկնդիրներին։

Նշենք, որ Բրուքների 4 մասից բաղկացած 4-րդ սիմֆոնիան հեղինակի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Գրվել է 1874-ին և վերանայվել մի քանի անգամ՝ 1888-ին։ Սիմֆոնիան նվիրված է Հոհենլոե շրջանի արքայազն Կոնստանտինին: Պրեմիերան կայացել է 1881թ. Հանս Ռիխտերի ղեկավարությամբ Վիեննայում և մեծ արձագանք ստացել: Ստեղծագործությունը գրվել է այն ժամանակաշրջանում, երբ ռոմանտիզմը բուռն տարածում էր ստանում արվեստում: