Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մենք ոչ մեկի հետևից վազելու մտադրություն չունենք». ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

876
Շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ., 15:00
«Մենք ոչ մեկի հետևից վազելու մտադրություն չունենք». ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Ռուսաստանը չի տեսնում ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ կառուցողական բանակցություններ վարելու պայմանագրի շուրջ. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ է եկել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

«Մեր գործընկերները հրաժարվում են առարկայական քննարկում անցկացնել այդ պայմանագրի պահպանման շուրջ: Միևնույն ժամանակ, մենք ոչ մեկի հետևից վազելու մտադրություն չունենք: Մեր առաջարկները բանակցային սեղանին են: Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի ճակատագիրն ԱՄՆ-ի ձեռքում է»,-ասել է դեսպանը:

Նա հույս է հայտնել, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վ. Պուտինի և Դ. Թրամփի բանակցությունները, որոնք տեղի էին ունեցել հունիսի 28-ին, Օսակայում G20-ի շրջանակում, կշարունակվեն՝ կոնկրետ գործողությունների տեսքով: Դիվանագետը նշել է նաև, որ Մոսկվայի համար սպասելի է, որ նախընտրական քարոզչության մոտենալուն զուգընթաց կակտիվանան «հնարովի» պատմություններն այն մասին, որ Ռուսաստանը միջամտում է ԱՄՆ ընտրություններին:

Հիշեցնենք, Օսակայի հանդիպման նախօրեին ամերիկյան լրագրողները ԱՄՆ նախագահին հարցրել էին, թե նա մտադիր չէ՞ ռուսաստանցի իր գործընկերոջը հորդորել չխառնվել 2020թ. ընտրություններին:

«Իհարկե մտադիր եմ»,- ասել էր Դ. Թրամփը և Օսակայում հարցն ուղղել Վ. Պուտինին: Դրան ի պատասխան ՌԴ նախագահը ծիծաղել էր, իսկ ԱՄՆ նախագահը ժպտացել և գլուխը տարուբերել: