Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

Ռոնալդ Բեյքերը Հայաստանը բացահայտելու մեծ ցանկություն ունի

160
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 00:40
Ռոնալդ Բեյքերը Հայաստանը բացահայտելու մեծ ցանկություն ունի

Ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերը (ԱՄՆ) հանդես կգա Հայաստանում: Երաժիշտը հուլիսի 11-ին՝ ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: Բեյքերը փաստում է՝ սա նրա առաջին այցն է Հայաստան և նա մեր երկիրը բացահայտելու մեծ ցանկություն ունի: «Շատ բան չգիտեմ Հայաստանի մասին, բայց տարիներ առաջ նվագել եմ մի հիասքանչ հայ դաշնակահարի հետ, ով ինձ պատմել է Հայաստանի հարուստ երաժշտական ժառանգության մասին: Հայաստանի պետական ջազ նվագախմբի հնչողությունը հիանալի է, վստահ եմ՝ հիասքանչ ժամանակ ենք անցկացնելու: Հանդիսատեսն էլ շատ է հավանելու մեր համերգը»,- նշել է Ռոնալդ Բեյքերը:
Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կոլեկտիվը և Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:
Բեյքերը նշում է՝ ջազն, անշուշտ, ամբողջ աշխարհում մեծ ժողովրդականություն է վայելում: Երաժիշտը հավելում է՝ ինչպես և դարեր առաջ, այնպես էլ այսօր երաժշտություն լսելիս հանդիսատեսն ուզում է զվարճանալ: Սակայն մեր օրերում մարդիկ ունեն առավելություն՝ համացանցի միջոցով կարողանում են առնչվել հիասքանչ երաժշտությանը:
Հավելենք, որ Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968թ.: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում: Կարճ ժամանակում դարձել պահանջված շեփորահար և վոկալիստ:
Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ: 13 տարուց ավելի ծավալում է մանկավարժական գործունեություն: