Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ռուստամ Բադասյանը՝ «Սորոսի» հետ իր կապի և բանակում չծառայելու մասին

345
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 14:15
Ռուստամ Բադասյանը՝ «Սորոսի» հետ իր կապի և բանակում չծառայելու մասին

«Վեթինգի նախագծի մասով, կարծես թե, ինչքան պարզեցի որևէ կոնցեպտուալ մոտեցում, հայեցակարգային փաստաթուղթ ո՛չ նախարարությունում, ո՛չ ԱԺ-ում չկա այս պահին, և մենք նոր սկսում ենք աշխատանքները հայեցակարգային մոտեցումները մշակելով և դրանից բխող օրենսդրական փոփոխություններով»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարն անդրադաձավ իր վերաբերյալ մամուլում տարածված լուրերին, մասնավորապես, որ իր նշանակումը կատարվել է «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի միջնորդությամբ:

«Երբ ասում են «Սորոս»–ի հետ կապեր՝ ես չեմ հասկանում՝ դա ինչն է։ Ձեր նշած անձին երբեք չեմ հանդիպել, չեմ ճանաչել, ծանոթ չեմ, այսինքն, կարծում եմ՝ ընդամենը շահարկումներ են, որոնց նպատակները շատ տարբեր կարող են լինել, բայց ինձ չեն հետաքրքրում»,-ասաց նա:

Անդրադառնալով բանակում չծառայելու հարցին՝ նախարարը նշեց, որ առողջական խնդիրներ է ունեցել. «Հիվանդությունն առաջացել է հենց թենիս խաղալու պատճառով, հայտնի տարբերակներից մեկն է, երբ որ իհարկե, ես միանշանակ չեմ կարող ասել, որովհետև գիտությունը դեռ չի պարզել սկոլիոզ հիվանդությունն ինչ պատճառներով է առաջանում, բայց պատճառներից մեկը վոլեյբոլ, թենիս, բասկետբոլ, սքվոշ և նմանատիպ սպորտային ձևերով զբաղվելուց է առաջանում»,-եզրափակեց Բադասյանը: