Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ճնշումներ դատարանների վրա՝ Քոչարյանի իշխանության ժամանակ. FIP

267
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 16:10
Ճնշումներ դատարանների վրա՝ Քոչարյանի իշխանության ժամանակ. FIP

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Թիվի 5» ալիքին հունիսի 24-ին տված հարցազրույցում նշել է, որ իր կողմից դատավորների վրա երբևէ ճնշումներ չեն եղել։ «Երբեք չեմ զանգել դատավորների, թող գտնեն մեկ դատավոր, որի հետ ընդհանրապես իմ մոտ հեռախոսով խոսած լինեմ։ Կամ թող գտնեն մեկ դատավորի, որը երբևիցե իմ գրասենյակում եղել է։ Իմ աշխատակազմից զանգեր երբեք չեն եղել, երբեք, բացարձակ սուտ է»,- Ագնեսա Խամոյանի հետ հարցազրույցում հայտարարել է Քոչարյանը։

«Փաստերի ստուգման հարթակ»-ը վերհիշեց երկու դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ դատարանների վրա ճնշումների վերաբերյալ հրապարակումներ են եղել։

«Վիկիլիքս» կայքը, մասնավորապես, տարիներ առաջ գաղտնազերծել էր 2008 թվականի մարտի 7-ին Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտ ուղարկված նամակը, որում Պողոսյանն անհապաղ հանդիպում էր խնդրում՝ կապված նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՍԴ ներկայացրած հայցի հետ։ Տեր-Պետրոսյանը պահանջում էր չեղյալ համարել 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները։ Ըստ գաղտնազերծված նամակի, Ռոբերտ Քոչարյանը որոշել էր, որ մարտի 8-ին կայանալիք Սահմանադրական դատարանի լսումները պետք է ավարտվեն Տեր-Պետրոսյանի բողոքը մերժելով: Նշվում էր նաև, որ լսումների նախօրեին նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից Պողոսյանին զանգել են և կանչել նախագահական: Ըստ Պողոսյանի հայտնածի, ՍԴ-ի իր գործընկերներից նվազագույնը երեքը մարտի 4-ին նմանատիպ զանգեր էին ստացել նախագահականից:

2018 թվականի հեղափոխությունից հետո քրեական գործեր հարուցվեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա իշխանության ժամանակ առանցքային պաշտոններ զբաղեցնող անձանց դեմ։ Դրանցից մեկը վերաբերում էր Ազգային անվտանգության խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Արմեն Գևորգյանին, որի դեմ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ բողոքի քննման ժամանակ Սահմանադրական դատարանի դատավորի վրա ճնշումներ է գործադրել։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ քրեական գործը հարուցվել է «Վիկիլիսքի» հենց այդ հրապարակման հիման վրա։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2008 թվականի տարեկան զեկույցում նշվում էր Հայաստանում գործադիրի կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշման մեկ այլ գործի մասին։

«Պահպանվում են այն մտահոգությունները, որ գործադիր իշխանությունը դեռևս ազդեցություն ունի դատական իշխանության վրա»,- գրված էր զեկույցում։

Խոսքը վերաբերում է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգև Օհանյանին, որի լիազորությունները 2007 թվականի հոկտեմբերի 16-ին դադարեցվել էին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով՝ Օհանյանի կողմից քրեական և քաղաքացիական գործերում թույլ տված խախտումների պատրվակով։

Սակայն Օհանյանի լիազորությունների դադարեցումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս դատարանի դահլիճից ազատ արձակեց Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գրեթե երկու տարի անցկացրած՝ «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին՝ Գագիկ Հակոբյանին ու Արամ Ղազարյանին։

Ըստ մամուլի, այս գործարարների նկատմամբ հետապնդում էր սկսվել, երբ 2004-ին նրանք հրապարակավ հայտարարել էին, որ մաքսային պետական կոմիտեի ղեկավարությունն իրենցից կաշառք է պահանջում, որն իրենք հրաժարվում են տալ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: