Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սյունիքի բնակիչների կարիքների համար նախատեսված գումարները ծախսվել են ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի համար ավտոմեքենայի ձեռքբերման համար

756
Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ., 19:30
Սյունիքի բնակիչների կարիքների համար նախատեսված գումարները ծախսվել են ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի համար ավտոմեքենայի ձեռքբերման համար

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի հայց հարուցելու իրավասության շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է նախաձեռնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի առաջին փուլում ուսումնասիրության առարկա է դարձվել ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների շարժի, նյութական ձեռքբերումների ոլորտը:

Այս շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2018թ. հունվարի 23-ին կնքված նվիրաբերության պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարության և
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման գրասենյակի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է մինչև 106.192.800 դրամ: Գումարը տրամադրել է Սյունիքի մարզի 4 գյուղական բնակավայրերին
մինչև 2300խմ. վառելափայտով ապահովելու նպատակով տրակտորի, սղոցարանի, վառելափայտ ճղելու սարքավորման, փայտածուխի արտադրամասի, չորանոցի, «ՈՒԱԶ
ՊԱՏՐԻՈՏ», «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ ՊԻԿ-ԱՊ» և «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՌ» ավտոմեքենաների ձեռքբերման և դրանք անմիջապես Կապանի անտառտնտեսության մասնաճյուղին
հանձնելու համար:

Պարզվել է, սակայն, որ ՊՈԱԿ-ի առաջարկով վերոհիշյալ պայմանագիրն անհիմն փոփոխվել է, և տրակտորի, փայտածուխի արտադրամասի և «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ»
ավտոմեքենայի փոխարեն 2018թ. սեպտեմբերի 27-ին կնքված պայմանագրով 25.700.000 ՀՀ դրամով ձեռք է բերվել «ՏՈՅՈՏԱ ԷԼ ՍԻ Պրադո 4,0լ Բիզնես + /6 ՋԻ/» ավտոմեքենա, որը երկու ամիս անց 5 տարի ժամկետով հանձնվել է ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի անհատույց օգտագործմանը:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշներ պարունակող առերևույթ տվյալներ և
անհրաժեշտ է հանգամանքների լիարժեք պարզման նպատակով իրականացնել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն՝ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր
դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: