Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Կամերային նվագախումբը և «Հովեր»-ը հանդես կգան Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ

356
Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ., 17:15
Կամերային նվագախումբը և «Հովեր»-ը հանդես կգան Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգով հանդես կգան դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ: Համերգը կանցկացվի հունիսի 27-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն Իրադյանի ղեկավարությամբ երաժշտախմբերը կներկայացնեն Մալերի, Չայկովսկու, Միրզոյանի ստեղծագործությունները: Երեկոյին կհնչի նաև Իրադյանի Testimonium երգչախմբի, լարայիններ և դաշնամուրի համար ստեղծագործությունը:

Երեկոյի ընթացքում հանդես կգա դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանը:

Նշենք, որ կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը ծնվել է 1990-ին՝ Երևանում։ Երաժշտական ասպարեզում առաջին և հաջողված քայլը 16 տարեկանում էր, երբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարեց իր հեղինակած դաշնամուրային կոնցերտը։ 21 տարեկանում արդեն մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր էր․ Եկատերինբուրգի (Ռուսաստան) դաշնամուրային միջազգային մրցույթում արժանացել է Grand-Prix-ի, «Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթում՝ առաջին մրցանակի։

Դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը համագործակցել է (ղեկավարել) Komische Oper Berlin, Brandeburger Symphoniker, Bochumer Symphoniker, Magdeburg Philharmonie, Brandenburgisches Staatsorchester Frankfurt, Cottbus Oper և այլ նվագախմբերի հետ: 2018-ի հունիսին նշանակվել է Բրյուսելի ASE (AGBU String Ensemble - Brussels) լարային անսամբլի գլխավոր դիրիժոր։

2016-ից Իրադյանն ապրում և ստեղծագործում է Բեռլինում։