Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Կամերային նվագախումբը և երգչախումբը համերգով հարգանքի տուրք մատուցեցին Արաքս Դավթյանի հիշատակին

280
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 00:10
Կամերային նվագախումբը և երգչախումբը համերգով հարգանքի տուրք մատուցեցին Արաքս Դավթյանի հիշատակին

Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանի 70 ամյակին նվիրված համերգ կազմակերպվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարները, դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, հունիսի 18-ին ներկայացրին Արաքս Դավթյանի երկացանկի ստեղծագործությունները: Մասնավորապես, հնչեցին Ստրադելլայի, Պուչինիի, Չայկովսկու, Վիվալդիի, Կանաչյանի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների գործերը:

Հավելենք, որ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանը ծնվել է Միլանում, զինվորական օդաչուի ընտանիքում: Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1986թ. առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը»:

Նրա լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգային դահլիճներում՝ Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Փարիզի Գավո, Ամստերդամի Կոնցերտ Գեբաու, Տոկիոյի Սենտր Հոլլ և այլն: Համագործակցել է հանրահայտ արտիստներ Շաիի, Ռոժդեստվենսկու, Ֆլորի, Օբրազցովայի, Սինյավսկայայի և այլոց հետ:

1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 2004թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Արժանացել է նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստի և 1979թ.՝ Գլինկայի անվան մրցանակի դափնեկրի կոչման: Մահացել է 2010թ., թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։