Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ծանուցագիրը պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքի՞ն». Գագիկ Ծառուկյան

394
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 11:50
«Ծանուցագիրը պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքի՞ն». Գագիկ Ծառուկյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ իրեն հարցաքննության կանչելու լուրերին, մասնավորապես, որ նա պատռել է ՔԿ-ից ստացած ծանուցագիրը. «Այսինքն՝ ծանուցագիրը, որ ուղարկում են պետք է դնեմ ռամկայի մեջ, կախեմ պատի՞ն: Ծանուցագիրը ստացել ենք: Համապատասխան՝ ես պատասխանել եմ իմ փաստաբանի միջոցով, քանի որ ես ասել եմ, որ բոլորը օրենքի առաջ հավասար են, և բոլորը պետք է լիարժեք հարգեն օրենքը: Ես միայն մի բան եմ ուզում ասել, որ բոլորն էլ իմանան, որ մեր ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով պատգամավորն իր կարծիքը ասելու համար՝ նա ո՛չ հետապնդման, ո՛չ էլ պատասխանատվության է ենթարկվում»,-ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե իր կարծիքով իրեն հետապնդո՞ւմ են, պատգամավորը նշեց. «Ես՝ որպես պատգամավոր, ինձ ծանուցագիրը ներկայացրել են և հարգելով օրենքը՝ ես արդեն Քննչականին, որ զանգեք, համապատասխան, իմ փաստաբանը, ինչ որ ես ձեզ եմ ասել, որ դա իմ կարծիքն է, կարծիքի համար թուղթն ուղարկված է այնտեղ»:

Հարցին թե, նա չի՞ գնալու Քննչական կոմիտե, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Իմ կարիքը չկա գնալու Քննչական կոմիտե, ինչ որ պետք էր, ես իմ փաստաբանի միջոցով թուղթը ստորագրած, ուղարկած է»:

Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ չէր պատրաստվում ծանուցագիրը դնել շրջանակի մեջ և փակցնել Հովհ. Այվազովսկու նկարի կողքին: Լրագրողները հետաքրքրվեցին, նա, փաստորեն, Այվազովսկու ստեղծագործությունների՞ց էլ ունի, ինչին պատգամավորը պատասխանեց. «Եվ ոչ միայն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: