Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը մտասևեռված չեն իշխանությունն ամեն գնով պահելու հարցում». Գարեգին Միսկարյան

198
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 13:35
«ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը մտասևեռված չեն իշխանությունն ամեն գնով պահելու հարցում». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևորի մասին. այսօր ՔՊ նորընտիր վարչության անդրանիկ նիստն է։ Եվ ուրեմն, որպեսզի չստացվի, որ միայն քննադատություն է հնչում կառավարող ուժի հասցեին ու կոնստրուկտիվ առաջարկներ չկան, հիմա ուզում եմ հանդես գալ առաջարկով, որը գուցե կարող է օգնել ՔՊ-ին երկիրն էս փոսից հանելու, էլ չեմ ասում՝ պետականության կայացման հարցում։ Գաղտնիք չի, որ կատարված բազմաթիվ աշխատանքների թվում համակարգային փոփոխություններ, որպես այդպիսին չեն եղել։ Մի կողմ ենք դնում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, մեղավոր ու անմեղ չենք փնտրում, համարում ենք, որ էս ամենն անցումային, ադապտացիոն փուլ էր ու հիմա, ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունով, Հայաստանում սկսվում է իրական ռեֆորմների փուլը։ Որո՞նք են այն ռեֆորմները, որոնք կարող են իրական փոփոխություններ բերել։ Դրանք այն օրակարգային հարցերն են, որոնք ի սկզբանե դրվել են հեղափոխության հիմքում՝ դատական համակարգի բարեփոխումներ, Ընտրական օրենսգիրք և կուսակցությունների մասին օրենք, անցումային արդարադատություն, ուղիղ ժողովրդավարություն, և ես սրան կավելացնեի նաև անկախ Հակակոռուպցիոն միասնական մարմնի ստեղծումը։ Ըստ էության՝ էս բոլորը միասին կարող է համակարգել և գլուխ բերել ընդամենը մեկ մարմին՝ Արդարադատության նախարարությունը (իհարկե, Ազգային ժողովի հետ միասին): Դրա համար ընդամենը պետք է այդ պաշտոնում լինի մեկը, ով գլուխ կհանի այս ամենից և կստանա կառավարող ուժի կողմից դրանք իրականացնելու հավանություն։ Մեծ հաշվով, սրանց մեծ մասն արդեն մշակված էլ են, ընդամենը պետք է կյանքի կոչել։ Կարծում եմ՝ ավելորդ է խոսել այդ ամենի կարևորության մասին, բայց մի քանի բառ այնուամենայնիվ պետք է ասել։ Նոր Ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը կնվազեցնի առաջիկա ՏԻՄ ընտրություններում նախորդ իշխանության սպասարկուների վերարտադրության հնարավորությունը։ Երկարաժամկետ առումով հիմք կդնի քաղաքական դաշտի կայացմանը։ Կձևավորվի նոր ընտրական մշակույթ։ Կբարձրացնի կուսակցությունների դերը հանրային կյանքում, միևնույն ժամանակ կբարձրացնի նրանց պատասխանատվության աստիճանն իրենց տված խոստումները կատարելու առումով և այլն։ Դատական համակարգի բարեփոխումների մասին, թերևս շատ է խոսվել հենց ՔՊ-ի կողմից, մանրամասն չեմ անդրադառնա։ Միայն ասեմ, որ ես համոզված եմ, որ ՔՊ-ն ընդհանրապես և Նիկոլ Փաշինյանը մասնավորապես մտասևեռված չեն իշխանությունն ամեն գնով պահելու հարցում և պատրաստ են ստեղծել անկախ դատական համակարգ, որը ոչ թե պատվեր կկատարի, այլ հավասարապես կդատի բոլոր մեղավորներին՝ անկախ դիրքից և պաշտոնից, և չի բաժանի քաղաքացիներին յուրայինների և օտարների։ Անկախ դատարանը կլինի նաև լավ ազդակ պոտենցիալ ներդրողների համար։ Անցումային արդարադատության գործիքների միջոցով պիտի ստեղծվեն հանրության մեջ փոխադարձ վստահության և համերաշխության մթնոլորտ «նախկինների» և «ներկաների» միջև։ Եթե այդ դատական համակարգով փոխհատուցման մեթոդոներով համերաշխությունը չկայացավ հանրության մեջ, մենք կարող ենք խաչ քաշել թեʹ հեղափոխության, թեʹ ընդհանրապես զարգացման վրա։ 5 տարի հետո լինի՝ տասը տարի հետո լինի, հանրության մոտ այդ հարցը նորից է բարձրացնելու։ Դրա համար կարևոր է այսօր դնել համերաշխության այդ հիմնաքարը։ Ուղիղ ժողովրդավարական գործիքների կիրառմամբ աստիճանաբար պիտի ավելացվի ՏԻՄ-երի կողմից իրենց վերաբերող հարցերի շուրջ որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Դրա համար առկա էլեկտրոնային գործիքների կիրառմամբ և այդ մշակույթի տարածմամբ հանրության մեջ։ Եվ վերջապես, սահմանադրորեն ամրագրված անկախության բարձր երաշխիքներով օժտված Հակակոռուպցիոն միասնական մարմնի ստեղծումը թույլ կտա բացահայտել, կանխարգելել կոռուպցիոն երևույթները։ Կրթել հանրությանը կոռուպցիոն ռիսկերից խուսափելու, դրանց բացահայտմանը և կանխարգելմանը նպաստելու ուղղությաբ։ Ինչպես նաև հանրապետությունից հանված ակտիվերը հետ վերադարձնելու հարցը պիտի լուծվի այդ մարմնի շրջանակներում։ Ու, որ շատ կարևոր է, Հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմինը հիմք կդնի անկախ հաջորդ իշխանության «ախորժակից» ունենալ զուսպ և ժուժկալ կառավարող ուժ։ Վերը թվարկվածն ընդամենը մեկ նախարարության գործ է, որը կարելի է գլուխ բերել շատ կարճ ժամանակում (ինչպես ասեցի մեծ մասն արդեն մշակված է), դրանք իրականացնելու համար թեʹ մարդկային-մասնագիտական ներուժը կա, թեʹ խորհրդատվական բազա, որը կարող է ամբողջովին իրականություն դարձնել այս ամենը։ Մնում է միայն քաղաքական կամքի առկայությունը։ Դա էլ, ինչպես վերը նշեցի, վաղը ՔՊ վարչության նիստն է և ինչու ոչ, գուցե կարող է և օրակարգային հարց դառնալ»։