Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Աշխարհում շատ քչերին է բախտ վիճակվել իրենց մահը դարձնել անմահություն»․ այսօր լրանում է Պ. Սևակի մահվան 48-րդ տարելիցը

367
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 10:15
«Աշխարհում շատ քչերին է բախտ վիճակվել իրենց մահը դարձնել անմահություն»․ այսօր լրանում է Պ. Սևակի մահվան 48-րդ տարելիցը

Ես ի՛նձ համար չեմ վախենում.
Կուզե՞ք՝ վա՜ղն էլ ընկնեմ-մեռնեմ:

Պ․ Սևակ

1971 թվականի հունիսի 17-ին, տիկնոջ և երկու որդիների հետ հայրենի Չանախչի գյուղից Երասխավան տանող ճանապարհի 8-րդ կիլոմետրին ավտովթարի ենթարկվեց անվանի հայ բանաստեղծ Պարույր Սեւակը (Պարույր Ղազարյան): Բանաստեղծն ու իր կինը՝ ազգությամբ վրացուհի Նելլի Մենաղարաշվիլին, զոհվեցին, իսկ երկու տղաները փրկվեցին:

Լուրը տարածվելուց հետո միանգամից սկիզբ առան տարբեր խոսակցություններ, վարկածներ: Պաշտոնապես հայտարարվեց՝ «Պատահական ավտովթարի զոհ դարձավ բանաստեղծ Պարույր Սևակը», իսկ հասարակության մեջ պտտվում էր մի վարկած՝ կանխամտածված ավտովթար:

Սևակի մահվան հետ կապված տարբեր վարկածներ կան. Լևոն Հախվերդյանի «Պարույրը» խոհագրությունում օրվա մասին այսպես է գրում հեղինակը. «Ի՞նչ էր պատահել մինչ գյուղից դուրս գալը. դա ինձ հայտնի է այսպես. Պարույրը, ընտանիքով, հունիսի 17-ին պետք է գար Երևան, այստեղից էլ մեկներ Թիֆլիս՝ զոքանչի քառասունքին: Ասել է գյուղի վարորդին, որ իր՝ Պարույրի, մեքենայով իրենց Երևան հասցնի: Սա թե՝ բեռ եմ տանում հարևան գյուղ, մի ժամի չափ պիտի սպասեք: Համաձայնում են: Բայց Պարույրին ո՞վ էր տվել այդքան համբերություն: Ասում է կնոջը՝ կփորձեմ մեքենան դուրս բերել գարաժից, թե որ մեքենան առանց մի բանի դիպցնելու դուրս բերեցի, ուրեմն՝ գնացի՛նք…

Դժբախտության նախապատճառը դառնում է մեքենան հաջողակ դուրս բերելը: Վիճակը գցված էր. այլևս ոչ մի ուժ չէր կարող Պարույրին հետ պահել իր վճռից: Ասում էին՝ կինն ինչո՞ւ է համաձայնել: Այդպես ասողները վատ էին ճանաչում Պարույրին, նրա գիժ, անհամբեր, անդիմադրելի խառնվածքը: Այն էլ ասում էին, թե կինն ինչո՞ւ է նստել մեքենա: Այդպես ասողները վատ էին ճանաչում Նելլի Մենաղարիշվիլուն: Նա չէր կարող ամուսնուն մենակ թողնել. նստել է կողքին, որ զսպի, օգնի, հորդորի ամուսնուն»:

Հախվերդյանն իր գրքում նշում է, որ Սևակին սիրում ու գնահատում էին կենդանության օրոք, հատկապես «Զանգակատան» հրատարակվելուց հետո, իսկ նրա մահը սգաց ողջ հանրությունը:

Գրականագետը գրում է. «Ես չեմ տեսել, որ հայրենիքը սգա իր զավակի կորուստն այնպես դառնագին, ինչպես սգում էր Պարույրի վրա: «Եվ աշխարհում շատ քչերին է բախտ վիճակվել իրենց մահը դարձնել անմահություն»,- գրել է Պարույրը Պետրոս Դուրյանին նվիրված հոդվածում: Պարույրին վիճակվեց քչերին բաժին ընկած այդ բախտը»:

Սևակը երկար էր պատրաստվել հայրենի գյուղում խաղաղ կյանքին, անհանգիստ բնավորությամբ գրողն իր ձեռքով տուն կառուցեց, երկար ժամանակ խնամեց ու կարգի բերեց այգին, ծառեր տնկեց, և ահա, վերջապես սկսելու էր կյանքի նոր փուլ՝ խաղաղ ու հանգիստ, սակայն վթարի պատճառով պատմությունն իր գիրկն առավ նրան, իսկ սեփական ձեռքերով կառուցած տունը Չանախչիում դարձավ իր տուն-թանգարանը:

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Պ․ Սևակ «Վարք Մեծաց»

09.X.1961թ.

Հուշակոթող կանգնեցված ավտովթարի վայրում՝ Պարույր Սևակ գյուղում
Հուշակոթող կանգնեցված ավտովթարի վայրում՝ Պարույր Սևակ գյուղում