Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Թե՞ վատիկանյան նրբագեղ ու բարձրարվեստ հաճույքները բթացրել էին Ձեր զգայարանները». Արսեն Վարդանյան

929
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 02:05
«Թե՞ վատիկանյան նրբագեղ ու բարձրարվեստ հաճույքները բթացրել էին Ձեր զգայարանները». Արսեն Վարդանյան

Ուսուցիչ Արսեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան հանրահայտ Միքայել Մինասյանը «Խրամատներից դուրս գալու ժամանակը» վերնագրով հոդված է գրել մեր երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտի և դրան առնչվող հարցերի մասին:
Հոդվածը փառահեղ է, եթե անտեսում ենք, թե ով է հեղինակը, բայց պարոն Մինասյանի այս հոգեցունց և սրտաճմլիկ տողերի ազդեցությունն ի չիք է դառնում, երբ հիշում ես նրա աներոջ, մերձավոր շրջապատի ստեղծած ատելության գաղջ մթնոլորտը, հանրապետական հանցախմբի լկտիության տարատեսակ դրսևորումները, ապաշնորհ մարդկանց՝ քծնանքով վաստակած կոչումներն ու պաշտոնները և, ինչու ոչ, հոդվածագրի գոհ ու երջանիկ կյանքը Սուրբ Աթոռում՝ աներոջ և զոքանչի բարձր հովանու ներքո:
Հանուն արդարության պետք է նշեմ, որ Դուք գոնե տարբերվում եք Ձեր ինտելեկտով, զսպվածությամբ, բայց դե, հանցագործներին ընկեր լինելը արդյոք Ձեզ անմա՞սն է դարձնում տիրող վիճակից:
Անդրադառնամ մի քանի դրույթների:
Ըստ նրա՝ հայ կանայք հայհոյում են սոցցանցերում: Դա սարսափելի է, պարո՛ն Մինասյան, տհաճ ու տգեղ է, բայց, ըստ իս, առավել խորքային ու զարհուրելի են դրա պատճառները, որոնք Ձեր թիմն է ծնել ու սնել: Տարիներ շարունակ մարդկանց լռեցրել եք, նվաստացրել, ստորացրել և ուզում եք, որ նրանց շուրթերից աղո՞թք հնչի....
Նշում եք, որ սիրելի արվեստագետները հետմահու են կամ արտասահմանում:
Խնդրում եմ չմոռանալ, որ ձեր իշխանության օրոք վաստակավորի կոչումը շռայլորեն բաշխվեց ռաբիզ, անմակարդակ, գավառամիտ, արվեստից հեռու մարդկանց: Իսկական արվեսագետները կա՛մ հեռացան, կա՛մ իրենց ճաշակով սկսեցին հավասարվել ձեր կերտած՝ էժանագին ու պարզունակ արվեստի սովոր հասարակության պահանջներին: Իսկ որտե՞ղ էիք Դուք, ինչո՞ւ չէիք բարձրաձայնում, թե՞ վատիկանյան նրբագեղ ու բարձրարվեստ հաճույքները բթացրել էին Ձեր զգայարանները:
«Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բարեկեցիկ ապրելու հնարավորություն են ստանում միայն այն հասարակությունները, որոնք կարողանում են պայմանավորվել բարեկեցիկ ապագա ստեղծելու շուրջ»:
Շա՜տ գեղեցիկ ու տեղին եք ձևակերպել, բայց մի՛ մոռացեք. որ ձեր թիմն է Հայաստանի հասարակության մեջ վերացրել պայծառ ու լուսավոր ապագայի երազանքները, փշրել ու ոչնչացրել մարդկանց արժանապատվությունը, բարեկեցության տեսլականը, նեղացրել ու չարացրել շատերին: Այո՛, մեր հասարակությունն ուրախ հասարակություն չէ: Մարդկանց աչքերում հոգս ու տառապանք կա, բայց Ձեր սրտացավությունն այնքա՜ն ժամանակավրեպ է, համագործակցելու, խրամատներից դուրս գալու կոչերն այնքան ուշացած, մինչդեռ Դուք ունեիք հնարավորություն այդ ամենը ժամանակին անելու, բայց ձեր ու ժողովրդի միջև խրամատները խորունկ էին ու անմատչելի:
Իսկ հիմա եք եկել ու այս ամենն ասում եք, որ ի՞նչ անեք (ծանոթ ձևակեպում է, չէ՞):
Ես հավատում եմ, որ մեր հասարակությունը քայլ առ քայլ կդառնա հանդուրժող, լայնախոհ, կիրթ, ազնիվ, իր երկրի ու խղճի առջև մաքուր, սեր ու բարություն տարածող երջանիկ անհատների համախումբ:
Եվ չմոռանանք անմահ լոռեցու խոսքերը.
Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՛ր հայրենիք,
Հզո՛ր հայրենիք»: