Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

«Ստրկացած և չազատագրված Վայքը. այս պահին անուններ չեմ տա». Արտակ Գալստյան

278
Կիրակի, 16 հունիսի, 2019 թ., 15:35
«Ստրկացած և չազատագրված Վայքը. այս պահին անուններ չեմ տա». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստրկացած և չազատագրված Վայքը... Վայոց ձորի մարզը գտնվում է մարզի Հայաստանի կենտրոնական մասում։ Տարածքը 2308 քառ․ կմ է, մարզկենտրոնը՝ քաղաք Եղեգնաձորը։ Այն ընդգրկում է քաղաքային համայնքներ՝ 3, գյուղական համայնքներ՝ 29, գյուղական բնակավայրեր՝ 52: Մարզն զբաղեցնում է Հայաստանի տարածքի 7.8%-ը։ Երեկ Վայքում էինք: Այս պահին անուններ չեմ տա: Կներկայացնեմ ընդհանուր պատկերը: Այս մարզում հեղափոխության արդյունքում փոխվել են մարզպետը և փոխմարզպետը: Մնացածը նույնն են: Աշխատում են մարզի կառավարման համակարգում 30 տարուց ավելի: Մարզի ոստիկանապետ, դատախազ, ԱԱԾ պետ, Քննչական վարչության պետ. բոլորը կապված են իրար հետ քավորսանիկական և բարեկամական կապերով և նախկին հանցավոր ռեժիմը մարմնավորող դեմքեր են: Վերջիններիս հետ բարեկամական և գործնական կապերով սերտաճած են նաև տեղի քրեաօլիգարխիան և կրիմինալը, նրանց վերահսկողության տակ են նաև այսպես կոչված ընտրյալները՝ համայնքների ղեկավարները: Վայքեցի մի պապիկ տարակուսած մեզ հարցնում էր, թե Սերժի նկարն ինչով էր խանգարում, քանի որ հեղափոխության արդյունքում միայն նկարն են հանել, այլևս ոչինչ չի փոխվել: Մարզի ղեկավարները և ուժայինները, քրեաօլիգարխիայի հետ շարունակում են հաց ուտել, քեֆեր կազմակերպել, իսկ մարզի բնակիչների բոլոր բողոքները մերժվում են ոստիկանության և Քննչական կոմիտեի կողմից: ԱԱԾ-ն ընդհանրապես չի աշխատում: Քաղաքացին միայնակ և անպաշտպան կանգնած է քրեաօլիգարխիայի դեմ: Ջերմուկի մի բնակիչ էլ ասաց, որ իրենք հույսները կորցրել են, որ երբևիցե կազատվեն ստրկությունից: Պետական միջոցների յուրացումները շարունակվում են նախկինից ուժգին տեմպերով: Պարզվեց, որ դեռևս 2017-ին, ընդամենը 405 հազար դրամով, որպես որսի վայր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված անձի են վաճառել 1000 հեկտար հողատարածք, որտեղ այժմ արգելված է վայքեցու մուտքը: Եվս 3000 հեկտար, նորից ջրի գնով, որպես որսավայր վաճառված է Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված անձի: Սակայն ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, դատախազը և ԱԱԾ-ն դրա մեջ հանցակազմ չեն տեսել և գործերը կարճել են: Հանցակազմ չեն տեսել նաև տարբեր համայնքներում գոյություն չունեցող, բայց աշխատավարձ ստացող անձանց միջոցով պետական միջոցների յուրացումների մեջ: Հանցակազմ չեն տեսնում նաև պետական գնումների կարգի խախտումների, անորակ իրականացված տենդերների, հարկերից խուսափելու և այլ հանցագործությունների մեջ: Հետաքրքիրն այն է, որ Վայքում բոլորը բոլորի մասին գիտեն ամեն ինչ՝ ով ինչ հանցանք կատարեց, ում որքան կաշառք տվեց, որ պաշտոնյաներն են թմրանյութ օգտագործում, իսկ ուշագրավն այն է, որ երբ այդ մասին հաղորդում են տալիս ուժայիններին, վերջիններս ուղղակի պատասխանում են, որ ինչ կա դրա մեջ որ: Մի խոսքով ամերիկյան լավագույն ֆիլմերի սյուժեով Վայքի մարզը կարելի է անվանել կորսված մարզ՝ իր ահաբեկված և ստրկացած ժողովրդով: Չգիտեմ՝ ինչ վիճակ է մյուս մարզերում, բայց այս մարզի հետ կապված վստահաբար կարող եմ ասել, որ հեղափոխությունը շրջանցել է այն և միակ փոփոխությունը, որը կատարված է, դա Սերժ Սարգսյանի նկարի հեռացումն է քրեաօլիգարխիկ պաշտոնյաների առանձնասենյակներից: Մարզի իրական վիճակի մասին տեղեկանքը մեր կողմից կներկայացվի ՀՀ ուժային կառույցների ղեկավարներին, Հարկային պետական տեսչությանը և ՀՀ վարչապետին: Կներկայացվի կոնկրետ անուններով, գործունեության և յուրացումների և հանցագործությունների իրականացման գործիքակազմերով: Հուսանք՝ երկրի կենտրոնական իշխանություններն արագ կարձագանքեն և կսկսվի Վայքի մարզի ազատագրումը քրեաօլիգարխիայից: Դեպքերի զարգացումների մասին կտեղեկացնենք հանրությանը և կհանրայնացնենք կոռումպացված՝ քրեաօլիգարխիայի ծառա ուժային և պետական պաշտոնյաների անունները»: