Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.

«Իշխանությանը միամտաբար թվում է, թե օլիգարխիան այժմ ոչ մի սպառնալիք չի ներկայացնում». Արման Բաբաջանյան

180
Կիրակի, 16 հունիսի, 2019 թ., 03:10
«Իշխանությանը միամտաբար թվում է, թե օլիգարխիան այժմ ոչ մի սպառնալիք չի ներկայացնում». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի տնտեսական իրական կացութաձևը ակնհայտորեն խոչընդոտում է Հայաստանի ստեղծագործական պոտենցիալի զարգացումը: Իշխանությանը միամտաբար թվում է, թե Հայաստանում մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ պայքարը հեղափոխության արդյունքում լուծվել է և այժմ օլիգարխիան Հայաստանին ոչ մի սպառնալիք չի ներկայացնում։

Օլիգարխիան կարծես թե եկել է օրենքի դաշտ, բիզնեսը մասնակի տարանջատվել է իշխանությունից, բայց ոչ քաղաքականությունից, բիզնեսմենները մասնակի թողել են իրենց պաշտոնները, ստեղծվել է, ըստ էության, սահմանադրական մի վիճակ: Այդ վիճակը, սակայն, չի կարող հանդիսանալ զարգացման գրավական: Այսինքն՝ այդ վիճակն ինքնին չի կարող հանդիսանալ զարգացման գրավական: Բանն այն է, որ նախորդ քսան տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել կապիտալի գերկուտակում մի քանի շրջանակների, այսպես ասած՝ «կլաստերների» ձեռքում: Այստեղ կենտրոնացած է մեծ քանակի կապիտալ և ռեսուրսներ: Կուտակման ճանապարհները տարբեր են եղել, սկսած առաջին միլիոնի դիլեմայից, մինչև հետագա միլիոններ կամ միգուցե միլիարդներ, ինչպես ասվում է որոշ մարդկանց դեպքում: Ինչքան էլ տեղի ունենա սահմանադրական հարթեցում և մրցակցայնացում, առաջանում է մեկնարկային պայմանների խնդիր, որում բնականաբար առաջատարը, ընդ որում՝ անվիճելի, բացարձակ առաջատարը հանդիսանում են քրեաօլիգարխիկ տնտեսության «կլաստերների» ներկայացուցիչները:

Մինչ այդ, ընդհանրապես հարկ է նկատել, որ կապիտալի ուժն ու իշխանությունն աշխարհում անտեսելն անհնար է բոլոր երկրներում, անգամ սահմանադրական և իրավական: Ի վերջո, կան օբյեկտիվ իրողություններ, հատկապես տեխնոլոգիաների զարգացածության դարում, որտեղ կապիտալը մեծ հնարավորություններ է տալիս հանրային կյանքի վրա ազդելու համար: Այդ տրամաբանության մեջ տեղավորվում է նաև տնտեսվարումը: Կապիտալի գերկուտակումը Հայաստանում մի շարք մարդկանց հնարավորություն է տալիս ցանկացած բիզնեսի հարցում ունենալ պոտենցիալ մրցակիցներին, այսպես ասած, հենց «օրորոցում խեղդելու» հնարավորություն: Այսինքն, եթե ստեղծվում է տնտեսական և քաղաքական իրավահավասարություն, միևնույն է՝ առաջանում է տնտեսագիտական չգրված կանոնների համաձայն մրցակիցներին կապիտալի ուժով չեզոքացնելու խնդիր: Ու քանի որ Հայաստանում գերկուտակումը կամ կապիտալի բևեռացումը բավական մեծ ծավալների է հասել, այդ խնդիրը, հետևաբար, բավական սուր է արտահայտվելու, սովորականից ավելի սուր:

Այսինքն՝ մրցակցային հավասար միջավայրը Հայաստանի դեպքում արդեն շատ ուշացած և անբավարար մեթոդ է՝ հասարակական ստեղծագործական պոտենցիալը բացելու և զարգացման հիմքում դնելու համար: Հայաստանի համար այսօր հրատապ է բևեռացված կապիտալի կարգավորման մեխանիզմների մշակումը, առանց որի զարգացումն անհնար է անգամ բյուրեղյա մաքրության մրցակցա-իրավական միջավայր ձևավորելով: Իսկ ինչպե՞ս կարգավորել այդ կապիտալի վարքը: Դա, իհարկե, ամենաբարդ հարցն է, որովհետև այստեղ իրավիճակը շատ մոտենում է «կուլակաթափության» խնդրին:

Այն, որ Հայաստանում շատ ոլորտներում անհրաժեշտ է ազգայնացման գործընթաց՝ Հայաստանի ներկայիս վիճակից ավելի ու ավելի անայլընտրանք է դառնում: Պետք է քննարկվի իհարկե, թե ինչ ծավալներ պետք է ունենա ազգայնացման գործընթացը, որ ոլորտներում ինչ մասնակցություն պետք է ունենա հանրությունը՝ ի դեմս պետության: Հայաստանում մասնավորեցման և սեփականաշնորհման գործընթացը տեղի է ունեցել ակնհայտ հանցագործություններով: Սակայն ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ ամենի արդյունքում ձևավորվել են կարծր իրողություններ: Այդ իրողությունները քանդելը կարող է հանգեցնել թեկուզ ժամանակավոր տնտեսական ցնցումների: Այդ ցնցումների ուժը հաշվարկելը չափազանց բարդ ու դժվարին գործընթաց է, որովհետև սխալ հաշվարկելու դեպքում հնարավոր է ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանել:

Բանը, սակայն, միայն ազգայնացման անհրաժեշտությունը չէ: Խնդիրը ընդհանրապես առկա է հասարակությանը տնտեսվարման, ներդրումների հնարավորություններ ապահովելու տեսանկյունից: Ինչպե՞ս անել, որ կապիտալն իրենով չխեղդի այլոց: Չէ՞ ավելի հնարամիտ, ճկուն և շնորհալի բիզնեսմենները կապիտալի հետ անհավասար մարտում տանուլ են տալիս հիմնավորապես՝ անգամ օրենքով բոլոր պայմանների հավասարությունն ապահովելու դեպքում: Տնտեսությունն այս տեսանկյունից է նուրբ երևույթ, որ գրված օրենքներից զատ, ենթակա է նաև չգրված օրենքներին: Այ հենց դա է խնդիրը՝ ինչպես գրված օրենքներով կարգավորել չգրվածներն այնպես, որ մի կողմից ցնցում առաջացնող կուլակաթափություն չլինի, մյուս կողմից էլ կուտակված կապիտալը չշարունակի խեղդել այլոց հնարավորությունները: Հակառակ դեպքում, ոչ մի նշանակություն չկա մրցակցային հավասարության ապահովման մեջ, որովհետև արդեն իսկ կա մեկնարկային անհավասարության ցցուն իրողություն:

Հայաստանը ոչ թե վաղ թե ուշ կանգնելու է այս իրողության առաջ, այլ արդեն իսկ կանգնել է: Սրա առաջ կանգնելու էր Հայաստանը նույնիսկ եթե հեղափոխություն տեղի չունենար։ Սակայն առ այսօր մեխանիզմների հարցում շրջակայքը աչքի չի ընկնում առատ առաջարկություններով: Մինչդեռ պետականության կայացման գործընթացի հաջորդ քայլը Հայաստանում որևէ մեկին չի հաջողվելու անել, Հայաստանին չի հաջողվելու անել, եթե գոնե բանաձևի տեսքով չգտնվեն այս հարցերի պատասխանները»: