Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.

«Էդ որ ասում են «հորս արև, ինքը չի փորձում ազդել գործի քննության վրա», երևի մեզ են հավի տեղ դրել». Լևոն Բարսեղյան

200
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 23:35
«Էդ որ ասում են «հորս արև, ինքը չի փորձում ազդել գործի քննության վրա», երևի մեզ են հավի տեղ դրել». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրթամ ձեզի համար կդորըմ մածեմածիկա բերեմ։

Մարտի 1-ի գործով մոտ 1000 վկա կա։ Մի այդքան էլ կավելանա։

2000 վկա դատարանում հարցաքննելու և հարակից տեխնիկական ընթացակարգերը ապահովելու համար միջին հաշվով մարդա 3 ժամ պետք է։ Եղավ 6 հազար ժամ։ Բաժանեք լրիվ դրույք դատավորի վրա, եղավ մոտավորապես 1000 օր, կամ՝ 4 տարի։ Չհաշված մեղադրյալների և աճելիք թվով մեղադրյալների հարցաքաննություններն ու առերեսումներն այդ ընթացքում։ Ստացվում է 5-7 տարի։

Մեղադրյալ Քոչարյանը և գործընկերները, բնականաբար, չեն կամենում այդ ընթացքում կալանատներում ծերանալ կամ մահանալ, ամեն ջանք դնելու են կալանքը շրջանցելու, այդ ընթացքում ազատության մեջ մնալու համար, լավագույն փաստաբանական և պիցցաբանական ուժեր ներգրավելու, օտարերկրյա ախպերություն և ներքին քաղաքական սրացման որևէ շանս օգտագործելու համար։

Ակնհայտ է, որ ֆինանսական, ԶԼՄ և հեղափոխությունից թունավոր հղիությամբ տառապող մերձավորների ահռելի ռեսուրսի է տիրապետելու, և այդ ամենը ներդնելու է դատավարության ընթացքն իր և բախտակիցների ուզած ճամփեքով տանելու համար։ Եվ գործի շահից է կալանքը որպես անհրաժեշտ և բավարար միջոց կիրառելը։ Եվ գործի շահերին դեմ է իր և ախպերության ազատությունը առաջիկա 5-7 տարիներին։

Էդ, որ ասում են «հորս արև, ինքը չի փորձում ազդել գործի քննության վրա», երևի մեզ են հավի տեղ դրել, կարծում են, թե պիցցան ոչ որպես հանապազօրյա սնունդ օգտագործող հայ ժողովուրդը մտածում է, թե ֆեյսի բաց լայվով օրական ութ անգամ քննարկում է խոսքերը մեկ անելու սրբազան գործընթացը խաչատուրովների, օհանյանների ու մյուսների հետ և մեղադրող կողմը չի կարող դա ապացուցել։

Կտանեք խոտը դատարանի առաջը կդնեք, բայց պիցցիստներից մի քիչ հեռու, զի չեք իմանա, հենց պիցցան քչություն անի, ինչ սննդակարգի կանցնեն։

Մյուսներին խնդրում եմ համբերատար լինել։ Հայաստանի նորագույն պատմության ամենաանմարդկային հանցագործությունն է քննվում, հեշտ չի լինելու։ Անհնարինն արվել է, ով էր պատկերացնում տուն-կալանատուն-դատարան ճանապարհին ծերացող երիտթոշակառու, բայց տեսանք։

Հատուկ շնորհավորում եմ Քոչարյանին պաշտպանող բոլոր փաստաբաններին։ Նման փառահեղ գործ ստանձնել և վստահ լինել, որ մեղադրյալի լավագույն ելքը հանգուցյալ լինելն է, շատ մեծ արտիստական և մասնագիտական տաղանդի նշան է։ Իրավագիտության պատմության մեջ, երևի, համարժեք 4-5 օրինակ ճարվի։