Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.

Հայտնաբերվել է Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը

138
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 10:30
Հայտնաբերվել է Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող՝ 1989 թվականին ծնված տղամարդը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 10-ին՝ Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի և Երևան քաղաքի՝ 1963 և 1989 թթ. ծնված բնակիչների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ս. Ավագյանն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս մեկ անձ՝ ծնված 1995 թվականին, ով միջամտել է վիճաբանությանը, ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես, նախնական տվյալներով, դեպքի օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք որպես ուղևոր նստել են Սարգիս Ավագյանի կողմից շահագործված տաքսի ավտոմեքենան, ավտոմեքենայի սրահում վիճաբանել վերջինիս հետ, ապա անձնական փոխհարաբերությունները պարզելու նպատակով իջել են ավտոմեքենայից և նույն վայրում՝ մայթեզրին, հրահրել վիճաբանություն, այնուհետև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած 1989թ. ծնված երիտասարդ տղամարդն իր մոտ գտնված սուր կտրող-ծակող առարկայով, Ս. Ավագյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է նրա կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ «կարծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցումով վերք, սրտի աջ նախասրտի վնասման» ձևով մարմնական վնասվածք:

Այնուհետև նույն անձը հարվածներ է հասցրել նաև վիճաբանությանը միջամտած 1995թ. ծնված երիտասարդի որովայնին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով «որովայնի առաջային պատի չթափանցող կտրած երկու վերքերի» ձևով միջին ծանրության մարմնական վնասվածքներ և դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել 1989թ. ծնված տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: