«Աշխարհըս մե փանջարա է,-թաղերումեն բեզարիլ իմ». այսօր Սայաթ-Նովայի ծննդյան օրն է
Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրը ուրիշ ջըրեն է՛, Այսօր ուշ միջնադարի աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի (Հարություն (Արութին) Սայադյան) ծննդյան օրն է: «Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է՝ բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, վեհ ու վսեմ՝ որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամ։ Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց»,- այսպես է նրան բնութագրել Հովհաննես Թումանյանը: Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի՝ միջին դարերում և մինչև 20-րդ դարի սկզբները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը: Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը Հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Մինչև 30 տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիների։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Ս. Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ (պարսկերեն սայադ — որսորդ, նովա — երգ, մեղեդի) անունով։ Աշխարհըս մե փանջարա է,-թաղերումեն բեզարիլ իմ. 1759-ին Հերակլ II-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ նա արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ Հայրենիք վերադառնալու թվականը, ստույգ հայտնի չէ։ 1766-ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու։ 1768-ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ։ Աշխարըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին. Հում կաթնակիր-Աթա՛մի զաթ, նա՛լաթ ըլի էտ քու բափին. Հաջորդ տարվանից Սայաթ-Նովա Տեր-Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778-ից, երբ վերաշինել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795-ի սեպտեմբերին, Աղա-Մահմեդ Խան Ղազարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղվել է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Ամեն տարի Թբիլիսիում, Սայաթ-Նովայի հիշատակին, կայանում է «Վարդատոնը», որը նշում են Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող աշուղի գերեզմանի մոտ: Տոնը առաջին անգամ նշվել է Հովհաննես Թումանյանի և Գևորգ Բաշինջաղյանի ջանքերով՝ 1914-ին: «Նայել է՝ աշխարհը մի պատուհան է: Նայում է աշխարհի պատուհանից մեծ, անհուն, անսահման աշխարհին, իրականությանը, և խոցվում է նրա սիրտը, ձեռքն է առնում քամանչան... և երգում է աշխարհի վիշտը, ցավերը, տառապանքները...»,- ասել է Ա. Իսահակյանը: |
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
7420:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
314Երեկ, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
70016.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
73516.04.2024, 14:18«Ստանալու ենք պատիվ և հայրենիք». Բագրատ Սրբազանը՝«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին (տեսանյութ)
94116.04.2024, 00:06Վայոց Ձորի թաքնված վանքերից մեկը, որը փոխարինեց Գլաձորի նշանավոր համալսարանին. Հերմոնի վանք (լուսանկար)
113514.04.2024, 22:30