Երևան`   +31 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

«Հայաստանն այս ամենի դեպքում ունի մեկ անելիք». Արման Բաբաջանյան

156
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 19:15
«Հայաստանն այս ամենի դեպքում ունի մեկ անելիք». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանապարհները դեռ երկար ժամանակ կարող են փակ մնալ, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը դեռ երկար ժամանակ կարող են անզիջում լինել, Վրաստանը դեռ երկար կարող է Ռուսաստանի հետ շատ վատ հարաբերություն ունենալ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլ երկակի խաղ խաղալ: Հայաստանն այս ամենի դեպքում ունի մեկ անելիք՝ առավելագույն օպտիմալությամբ օգտագործել իր ներքին ռեսուրսները, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության հնարավորությունները: Դրա համար հարկավոր է ազգային ուժեղ գաղափար, որի առանցքը չի լինի Ցեղասպանությունը կամ ազգային-ազատագրական էմոցիոնալ մի բան: Ազգային նոր գաղափարի հիմքում պետք է լինեն առավել պրակտիկ, կենսունակ արժեքներ: Իսկ դրանք կարելի է ամփոփել պետություն հասկացությամբ: Այսինքն՝ ազգային նոր գաղափարը պետք է լինի պետությունը՝ հայկական պետականությունը: Երեք տասնամյակ է՝ Հայաստանն անկախ պետություն է, սակայն այն դեռ չի դարձել համահայկական նախագիծ, որը կդիտվի համահայկական, ազգային խնդիրները լուծելու միջոց: Դժբախտաբար, այդ խնդիրներից շատերն այսօր ավելի վեր են դասվում, քան պետությունը: Սակայն այստեղ, իհարկե, շատ մեծ պատասխանատվություն ունի Հայաստանի իշխանությունը, որը թե՛ իր խոսքով, թե՛ իր վարքով, բարքերով և նկարագրով, կառուցողական, ոգևորիչ, խրախուսող մեսիջ պետք է հղի սփյուռքին, պետք է տրամադրի ներդրումներ և օգնություն հղել Հայաստան, Հայաստանը դարձնել համահայկական ռեսուրսի կենտրոն, և այդ կենտրոնից էլ տարածել աշխարհով մեկ սփռված հայկական խնդիրների լուծումները՝ սկսած Ցեղասպանության միջազգային ճանաչումից, վերջացրած հայապահպանությամբ: Հայաստանը կարող է համահայկական ջանքը համախմբել իր մեջ և այդպիսով որակապես այլ պետություն դառնալ՝ տեխնոլոգիական հրաշքներով հաղթահարելով ժամանակն ու տարածությունը: Բայց դրա համար պետք է նվիրում, պետք է աշխատանք, պետք է երազանք»: