Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

Լիբանանցի հայտնի հրատարակիչ Նաճի Նաամանը կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

124
Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 15:00
Լիբանանցի հայտնի հրատարակիչ Նաճի Նաամանը կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Հունիսի 8-ին, ժամը 16:00-ին ՀՑԹԻ հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա հայտնի լիբանանցի հրատարակիչ, մշակութային գործիչ Նաճի Նաամանի հետ հանդիպում-քննարկում:

Նաճի Նաամանն արաբական մշակույթը քարոզող իր բազմաթիվ հրատարակությունների կողքին ներկայացրել է նաև հայկական մշակույթին ու պատմությանն առնչվող մոտ քսան գիրք՝ արաբերեն, ֆրանսերեն, հայերեն լեզուներով:

Այդ շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանությանը՝ մասնավորապես Մարդինի հայության կոտորածին և նրա հոգևոր առաջնորդ, հայ կաթոլիկ հոգևորական Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանին (1869-1915 թթ.) նվիրված երկու գրքերի հրատարակությունը՝ «Մարտին. հերոս քաղաք», «Իգնատիոս Մալոյեան: Մարդը և նահատակը»:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Նաճի Նաամանը նախաձեռնեց ու հրատարակեց «Հարյուր և… ցեղասպանությունը կշարունակվի» խորագրով, 510 էջանոց հատոր, որտեղ տեղ են գտել արաբ և օտարազգի տարբեր քաղաքական գործիչների, ցեղասպանության ականատեսների, գրողների, մտավորականների, հասարակական գործիչների վկայությունները Հայոց ցեղասպանության մասին:

Նաճի Նաամանը, Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ու ճանաչման գործում ունեցած ավանդի համար, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի կողմից կպարգևատրվի «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով:

Մուտքն ազատ է, միջոցառման լեզուն հայերեն և արաբերեն: