Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Առողջապահության նախարարությունն աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու խորհուրդներ է տալիս

307
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 18:30
Առողջապահության նախարարությունն աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու խորհուրդներ է տալիս

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար: Սննդամթերքը բարենպաստ պայմաններում դառնում է սննդային միջավայր մանրէների աճման և բազմացման համար: Ամռանը լավ չլվացած մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը և ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ: Երեխաներն առավել հաճախ են հիվանդանում աղիքային վարակիչ հիվանդություններով (70%-ն արձանագրվում է մինչև 6 տարեկանների շրջանում), ծերերը, քրոնիկական հիվանդություններով տառապող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

. մրգերն և բանջարեղենը, նախքան օգտագործելը, լավ լվանալ հոսող ջրով,

. սննդամթերքը պահել փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու նպատակով,
. շուտ փչացող սննդամթերքը պահել սառնարանում,
. խուսափել գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում,
. չօգտագործել կասկածելի ջուր, եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ: Այն օգտագործել միայն եռացնելուց հետո կամ խմել շշալցված ջուր,
. աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության, բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի,
. ծորակի ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո,
. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո,
. չլողալ լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ վերջիններս կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ:

ՀՀ առողջապահության նախարարություն