Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

«Դիլիջանի բնակիչները մտահոգված են». Ոսկան Սարգսյան

119
Երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ., 05:25
«Դիլիջանի բնակիչները մտահոգված են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Դիլիջանը, ի տարբերություն Երևանի, պահպանել է իր հին դիմագիծը, ճարատարապետական հին շենքերը, որոնցից մեկի ճակատագիրը վտանգված է։ Դիլիջանի բնակիչները մտահոգված են Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղի, ժողովրդական արվեստի թանգարանի շենքի վատ վիճակով և այդ կապակցությամբ Հայաստանի պետական մարմինների անտարբերությամբ։ Այդ շենքը կառուցվել է 1896թ․ Թիֆլիսից մեծահարուստ Սամսոնբեկ Հարությունյանը, այն սկզբում եղել է առողջարան։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանը այդ տունը նվիրել է քաղաքին, 1979-ին այն դարձրել թանգարան: 2018թ․ սեպտեմբերի սկզբին քանդվեց թանգարանի շենքի փայտե պատշգամբը, որը հարակից է Վանաձոր տանող ավտոճանապարհին: Դիլիջանցիներն ասում են, որ գեղեցիկ այդ պատշգամբը քանդվել է բեռնատար մեծ ավտոմեքենայի հարվածի հետևանքով: Հանրապետական նշանակության ավտոճանապարհի եզրին հառնող թանգարանի փայտե մուտք-տախտակամածը կիսաքանդ է, դրա տակ խոր փոս է: Որպեսզի անցորդները պատահաբար այդ փոսը չընկնեն, փողոցի երկայնքով երկար ժապավեն են կապել: Թանգարանի հին շենքը դիլիջանցիների համար կարևոր է նաև այն առումով, որ այն քաղաքի հարուստ պատմության վկան է, այն եղել է Դիլիջանում հանրօգուտ մեծ գործ արած Հ. Շարամբեյանի տունը, որի անվամբ են կոչվում Երևանում ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնը, Դիլիջանի գեղարվեստի դպրոցը և իր կողմից վերակառուցված դիլիջանյան հին փողոցը: Հովհաննես Շարամբեյանի որդին պատրաստ է մշակութային մի հիմնադրամի ֆինանսավորմամբ վերանորոգել շենքը, սակայն դա չի իրականացվում, որովհետև շենքը պատկանում է ՀՀ մշակույթի նախարարությունը: 2015-ից ՀՀ մշակույթի նախարարությունում շենքի վերակառուցման ծրագրեր են կազմվել, սակայն մշակույթի նախարարների ստեպ-ստեպ փոխվելը խանգարել է թանգարանի վերանորոգման գործին»։