Երևան`   +28 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.

«Ես պատրաստ եմ հավերժ պատասխանել այդ հարցին». Արսեն Թորոսյանը՝ «Գարդասիլի» մասին

85
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 17:25
«Ես պատրաստ եմ հավերժ պատասխանել այդ հարցին». Արսեն Թորոսյանը՝ «Գարդասիլի» մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց սպառիչ պատասխան տալ «Գարդասիլ» պատվաստանյութի վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, տասնյակ քաղաքացիների կողմից բազմաթիվ հարցեր է ստանում դրա հետ կապված: «Այդ պատվաստանյութի հետ կապված խնդրում եմ սպառիչ տեղեկություն՝ պատվաստանյութը շրջանառության մեջ դրվե՞լ է, թե՞ ոչ: Ի՞նչ սպասել դրանից՝ վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Ի՞նչ եք մտադրված անել այս պատվաստանյութի հետ կապված»,- հացրեց Ուրիխանյանը:

Պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավորին, Ա. Թորոսյանը նախ ասաց, որ այդ հարցերի պատասխանները բազմաթիվ անգամ ինքը տվել է բայց պատրաստ է «հավերժ պատասխանել այդ հարցին»:

«Պատվաստանյութը, իհարկե, միանշանակ օգտակար է: Չկա որևէ գիտական ապացույց որևէ երկրում, որ վնասակար է. այն օգտակար է և փրկում է հազարավոր կյանքեր: Կոնկրետ մեր դեպքում, տարիներ անց կփրկի առնվազն 120 կյանք տարեկան: Առայժմ չի փորձարկվում, քանի որ բոլոր պատվաստանյութերը մինչև ներդրվելը, անցնում են տասնյակ տարիների փորձարկումներ: Պատվաստանյութն առաջին անգամ օգտագործվել է 2006 թվականին և մինչ օրս արդեն օգտագործվել է պատվաստանյութի մոտ 300 մլն դոզա աշխարհում: Այս պատվաստանյութը և մնացած այլ պատվաստանյութերը պատուհաս չեն, այլ կյանքեր փրկող պատվաստանյութ են: Դրանք վերջին 200 տարվա ամենալրջագույն հայտնագործություներից են, որոնք որ փրկել են և փրկում են միլիոնավոր կյանքեր»,- ասաց ԱՆ նախարարը:

Վերջինի խոսքով՝ մինչ օրս Հայաստանում կատարվել է մոտ 6000 պատվաստում և չի եղել որևէ դեպք, որը «կողմնակի էֆեկտ» է առաջացրել. «Պատվաստվել եմ ինքս, պատվաստվել է կինս և պատվաստվելու է նաև աղջիկս, երբ հասնի այդ տարիքին: Ընդհանրապես, այս թեման դուրս է եկել գիտական դիսկուսից և դարձել է քաղաքական շահարկումների թեմա, ինչը կարծում եմ սխալ է: Եթե կան գիտական այլ թեզեր, որոնք պետք է ստուգել, դրանք մենք պատրաստ ենք քննարկել գիտության շրջանակներում, բայց ոչ երբեք քաղաքականության»,- ասաց նախարարը:

Հստակեցնելով պատասխանը, Արսեն Թորոսյանը նկարագրեց, թե ինչ է իրենից ներկայացնում «Գարդասիլ» պատվաստանյութը. «Այս պատվաստանյութը որևէ հարուցիչ չի պարունակում, այլ ընդամենը սպիտակուց է, որի նկատմամբ օրգանիզմում ստեղծվում է հակամարմին մինչև բուն վարակի տեղի ունենալը և պաշտպանում է վարակից: Հետևաբար, որևէ մեկին վարակելու վտանգ չկա»,- եզրափակեց Արսեն Թորոսյանը: