Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Իրականում Հայաստանում սկսվում է անարխիա՝ անիշխանություն». Հայկ Մարտիրոսյան

445
Կիրակի, 26 մայիսի, 2019 թ., 11:20
«Իրականում Հայաստանում սկսվում է անարխիա՝ անիշխանություն». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականում Հայաստանում սկսվում է անարխիա՝ անիշխանություն: Կգտնվեն մարդիկ՝ որոնք կմեղադրեն մեզ գույների խտացման, ծայրահեղ հայացքների և տեսլականների համար, բայց դա նույնպես ժամանակը կհերքի:

Կա իշխանություն, որն, այլևս, ցավոք, իրավիճակին չի տիրապետում: Երբ իշխանության են գալիս մարդիկ, որոնք չեն տիրապետում պատմությանը, չունեն քաղաքագիտական կամ քաղաքական գիտելիքներ և եղել են Հայաստանի առաջին նախագահի հետևորդներ՝ անհնար է լավ բան ակնկալել: Մեկ տարի առաջ հույս ունեինք, որ բանականությունը կստիպի այլ ճանապարհով գնալ, բայց անխոհեմ ու զարտուղի գիծը հաղթող դուրս եկավ:

Հիմա բոլորը հասկացել են, որ իշխանության հյուսած անհեթեթ թավիշով կարելի է խեղդել հենց իրեն՝ իշխանությանը և այդ հարցում նախկին ռեժիմի մոտ հաստատակամությունն այլևս անկասելի է թվում: Իշխանական ճամբարի կռապաշտներն, անշուշտ, հայտարարում են, որ ոչ ոք ոչինչ չի կարող անել, որ ժողովուրդն ու ամենաիմաստուն վարչապետը բոլորին իրենց տեղերում հանգիստ կնստեցնեն, կծեփեն պատերին, կփռեն ասֆալտին և «գյալմամիշ» կանեն, բայց այդ մարդիկ ո՛չ պատմություն գիտեն և ո՛չ էլ հակահեղափոխությունների մեխանիկային են ծանոթ: Նույն այդ մարդիկ այս խոսքերի համար մեզ կմեղադրեն «պանիկա սերմանելու» մեջ, բայց այդ նույն մարդկանց հանգիստ անխռովությունն է պատճառը մեր արհավիրքների, մեր անգործության և պատմության մեջ մեր պարտությունների մեծամասնության:

Հայաստանում իշխանափոխության բոլոր հակառակորդներն արյան հոտ են զգում ջրում և շնաձկների պես նախապատրաստվում թույլ օղակի վրա հարձակման: Իսկ այդ թույլ օղակն այլևս իշխանությունն է, որ չի մաքրել դաշտը շնաձկներից, և որից այլևս ոչ ոք չի վախենում: Առավել լավ նվեր հակահեղափոխությանը, քան այսպես կոչված հեղափոխականների անհեղափոխական վարքագիծն է՝ դժվար էր պատկերացնելը:

Առաջիկայում առավել մեծ ցնցումներ են լինելու քաղաքական դաշտում: Մեկ տարի է անցել և փոխանակ Հայաստանը ինքնամաքրված և հիմա զբաղված լիներ վերակառուցմամբ՝ դեռևս տարված է ու ավելի է տարվելու անվերջ, անհույս և շարունակական իշխանափոխությամբ, նախկինի հետ առնչվող գործընթացներով և ռևանշի ճանապարհ բռնող նախկինների դեմ պայքարով:

Հին ռեժիմն ուզում է նոր և առավել դաժան ռեժիմ դառնալ և այդ հարցում շատ վճռական է: Անվճռական է նոր իշխանությունը, որի անգործության հետևանքով առաջացող ինքնավարկաբեկումը մեծագույն նվեր է իր և ժողովրդի թշնամիներին:

Ժամանակն է սթափվելու: Մոտենում ենք փոթորկոտ ջրերի, որտեղ նավը միայն վճռական և կամային նավապետը կարող է փրկել իր ուղևորներին: Սեփական նավը փչացած կողմնացույցներով դեպի մրրիկ ուղղող ու միաժամանակ անընդհատ արևի և պարզ երկնքի մասին բղավող նավապետը դժվար թե կարողանա այն դրանից դուրս բերել: Նավապետից անհրաժեշտ է նոր մոտեցում պահանջել:

Հասարակությունը պարտավոր է սթափվել և բացի սեփական անգիտությունից ու մոլորությունից ուրիշ ոչնչի ու ոչ ոքի չլսող իշխանությանը պարտավոր է ստիպել այլևս կտրուկ և խելացի գործել: Խնդիրներ լուծելու կիսագրագետ, հախուռն ու տանջալից ուղիներն այլևս սպառել են իրենց:

Այլ ճանապարհ մենք չունենք»: