Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ոստիկանության պարզաբանումը՝ լրատվականի աշխատակցին դանակահարելու տեղեկության վերաբերյալ

420
Կիրակի, 26 մայիսի, 2019 թ., 10:25
Ոստիկանության պարզաբանումը՝ լրատվականի աշխատակցին դանակահարելու տեղեկության վերաբերյալ

Ժամեր առաջ լրատվական կայքերից մեկը տեղեկատվություն էր հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ արտակարգ միջադեպ է արձանագրվել։ Մասնավորապես՝ հանրահավաքի ժամանակ «Para TV» լրատվական կայքի աշխատակիցներից մեկը դանակահարվել է։ Ոստիկանությունից պարզաբանում են, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ լրատվական կայքի աշխատակիցը մարմնական վնասվածքներն ստացել է Երևանի Սարյան փողոցի 24Ա շենքի մերձակայքում, որտեղ նրա և մայրաքաղաքում բնակվող 31-ամյա մի տղամարդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում էլ 31-ամյա տղամարդը սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիշյալ լրատվական կայքի աշխատակցին և վերջինիս հետ եղած անձին’ պատճառով մարմնական վնասվածքներ։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություն։ Վերջիններիս մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը Կենտրոնականի քրեական հետախույզներին հայտնի է։ Նրանք ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ կասկածվողին հայտնաբերվելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր։

«Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չտարածել»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 25-ին, տեղեկություն էր տարածվել, որ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի ժամանակ դանակահարել են «Para TV» լրատվական կայքի ձայնային օեպերատորին: